Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերը (Միացյալ Թագավորություն) և Լիզը Քրիստոֆերսենը (Նորվեգիա) հունիսի 3-7-ը Բաքու կատարած այցի վերաբերյալ տարածել են հայտարարություն: Դրա համաձայն՝ Ադրբեջանում նրանք հանդիպումներ են անցկացրել հանրապետության արտաքին և ներքին գործերի, արդարադատության նախարարների հետ, Գերագույն դատարանի նախագահի տեղակալի, գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հետ:
Համազեկուցողները նշում են, որ չնայած իշխանության ձեռնարկած քայլերին՝ Ադրբեջանում մտահոգիչ իրավիճակ է բազմակարծության, խոսքի ազատության և, մասնավորապես, ԶԼՄ-ների սահմանափակումների, օրենքի գերակայության հարգման հարցերում, կուսակցությունների մասին օրենքի հետ կապված և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Եվրոպացի քաղաքական գործիչներին մտահոգել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու իրադրությունը շփման գծում:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված վերջին առաջընթացը խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցում և հորդորում ենք երկու կառավարություններին ակտիվացնել իրենց երկկողմ բանակցություններն այս առումով: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, մենք վերահաստատում ենք ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ մեր կոչը»,- նշել են համազեկուցողները՝ կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի վճիռների անվերապահ իրականացումը: