ՀՀ-ը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ապաշրջափակման հարցերը քննարկվում են, և իր մասնավոր, գուցե սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջնական արդյունք դեռևս չկա, և առայժմ հնարավոր չէ հանրայնացնել դրա բացակայության պատճառով:
Ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Զանգեզուրի միջանցքի» և Իրանի դիրքորոշման մասին հայտարարությունների վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ասաց.
«Կրկնում եմ՝ ՀՀ-ը մեծապես շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում և՝ հենց Թուրքիայի նախագահի մեջբերած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն կամ այլ որևէ լոգիստիկ անցումների մասը կազմելու համար:
Այն, ինչ որ ես նկարագրում եմ, ՀՀ Կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ և միանգամայն կարող են տեղավորվել «Հայկական խաչմերուկի» մեր ծրագրի մեջ»,- ասաց Արարատ Միրզոյանը: