Խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ. սա չենք կարողանում բացատրել հանրությանը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման դիտարկում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախապես հայտարարվել էր, որ Երասխի հատվածում մետալուրգիական գործարան է կառուցվում: Ըստ նախնական գնահատականների՝ վերջինիս գործարկման արդյունքում այն էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը:
«Ադրբեջանական կողմը նախ շինծու, կեղծ, անհիմն բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք բոլոր մեր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ բնապահպանական կոնտեքստում ունեցած, կատարում ենք, և դա փաստ է նաև այս գործարանի պարագայում, և սա ուղղակի մերկապարանոց հայտարարություն չէ, այլ ստուգված, վերստուգված:
Եվ ահա Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական կողմի հերքումը, և կան իր վկայակոչած միջազգային կոնվենցիաները, դրանցով զբաղվող գրասենյակները, կառույցները, որտեղ կարող ենք նաև հետագա հավաստիացումներ ստանալ կամ վիճարկել կամ քննարկել հարցը: Եվ այս հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել ահա այս դեպքում այս ծրագիրը:
Ոչ միայն, ըստ էության, սա ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով, այսպես ասած, Հայաստանի տնտեսության զարգացմանը խաթարող ծրագիր»,- ասաց նախարարը:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ իրավիճակն անհասկանալի է համարում այսօր, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից:
Արարատ Միրզոյանն իր հերթին կրկնեց, որ այդ գործելաոճը Հայաստանի համար ևս անընդունելի է, պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար, ապա տեղեկացրեց. «Այսօր ձեր նշած վայր՝ Երասխի այդ հատված, մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, և հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»: