2022 թվականի եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող 14.227 անձից 2780-ը օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել այն: Սա դեռ չի նշանակում, որ անխտիր բոլորը կենթարկվեն վարչական պատասխանատվության: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծություն է կատարում և կառանձնացնի այն դեպքերը, որոնք պայմանավորված են տեխնիկական թերությամբ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի գործարկմամբ առաջին անգամ տարեկան հայտարարագիր ներկայացնելու գործընթացը:
2022 թվականին տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ուներ 14.227 հայտարարատու, այդ թվում՝ 5991 պաշտոնատար անձ և 8236 ընտանիքի անդամ: Նշվածներից 2780-ը հայտարարագիր չեն ներկայացրել, որոնցից 370-ը տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնողներն են ու նրանց ընտանիքի 1001 անդամ, և պետական կառավարման այլ մարմիններում 218 պաշտոն զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի 1191 անդամ:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Մենք կարողացել ենք անմիջապես տեղեկատվությունը դուրս բերել՝ քանի հայտարարատու անձանց պարագայում քանի՞սը չի ներկայացրել, ովքե՞ր են դրանք, և, ըստ էության, արդեն նաև դրանց պատճառների մասին տեղեկությունը դարձել է հասանելի:
Դեռ հստակ տեղեկություն չկա, թե հայտարարագիր չներկայացրած քանի՛ անձ կենթարկվի վարչական պատասխանատվության. այս պահին ճշգրտումներ են իրականացվում`պատճառները պարզելու համար, քանի որ նոր համակարգով հայտարարագրերն առաջին անգամ են ներկայացվում, և առանձին դեպքերով առկա են եղել տեխնիկական խնդիրներ։ Հայտարարագրման նոր համակարգի գործարկման ընթացքում արձանագրվել են նաև բովանդակային թերություններ, որոնք քարտեզագրվել են հանձնաժողովի կողմից՝ առաջիկայում դրանք շտկելու նպատակով:
Հայկուհի Հարությունյան - Ի՞նչն է հիմնական տարբերությունը նախորդ կամ այս տեսակի համակարգի հետ. տեսե՛ք՝ պետությունը արդեն անձանց վերաբերյալ՝ գույքային ընտրության մասով եկամուտների, հավաքում է տվյալներ, և դրանք մթերվում են տարբեր տեղեկատվական բազաներում, և նույն տեսակի առաջադրանք ուներ նաև հանձնաժողովը հայտարարագրման համակարգի տեսանկյունից, և փոխարենը նույն տվյալները նորից հավաքագրելու, ըստ էության, որդեգրված մոտեցման համաձայն, այլ պետական մարմինների բազաներում առկա տվյալները ինքնաշխատ միանգամից տեղափոխվում են հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ:
Հանձնաժողովի նախագահը նշում է՝ այս պահին ինքնաշխատ եղանակով փոխանցված տվյալների ծավալը փոքր է՝ ակնկալվածի 30 տոկոսը: Բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ինչն էլ կնպաստի նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման ուղղությամբ նոր որակական մոտեցումներին:
Հակակոռուպցիոն բարեփոխումներն ու թվայնացման դերը քննարկվեցին նաև այսօր Երևանում Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ անցկացված «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողովին:
Դանիելա Ֆելքման (Համաշխարհային բանկի կառավարման գծով ավագ մասնագետ) - Մենք հպարտ ենք Հայաստանին այս ոլորտում աջակցելու համար: Մեծ առաջընթաց ենք տեսնում հատկապես կառույցների աշխատանքում, օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հակակոռուպցիոն կոմիտեում, հակակոռուպցիոն դատարաններում: Այժմ հայ գործընկերների հետ աշխատում ենք հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, այսօր ներկայացրինք այդ ռազմավարությանն առնչվող գաղափարներ, թե ինչպես կարող են նոր թվային գործիքները առավելագույնս նպաստել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերին և ավտոմատացնել այս կառույցներում կատարվող աշխատանքը, նաև այս ամենը առավել տեսանելի դարձնել քաղաքացիների համար:
Ներկաները կարևորեցին հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը՝ դա անհրաժեշտ համարելով կոռուպցիոն երևույթները բացահայտելու ու կանխելու գործում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան