Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
«Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից
կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով
վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
Այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից
հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Երասխում կառուցվող գործարանի և քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում
վարույթ է հարուցվել:
ՀՀ ԱԳՆ-ն
հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: