ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։ Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության գալուն, և եթե ինձ հաստատեն, ապա ես պարտավորվում եմ օգնել նրանց այդ հարցում Բաքվում ակտիվ և համառ աշխատանքի շնորհիվ»,- նշել է Լիբբին։
Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լիբբիին կոչ է արել վճռական դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի հանցագործությունների հետ կապված: Մենենդեսի հարցին, թե արդյոք Լիբբին այսօր հրապարակավ դատապարտո՞ւմ է արգելափակումը և հորդորո՞ւմ է Ալիևին ապաարգելափակել Լաչինի միջանցքը, Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն պատասխանել է. «Այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը բաղկացած է երեք տարրից: Նախ՝ ԱՄՆ-ը քննադատում է ցանկացած միակողմանի գործողություն, որը սպառնում է մարդկանց անվտանգությանը, խաթարում վստահության մթնոլորտը և մեծացնում ռիսկերը։ Կարճաժամկետ հեռանկարում հարկավոր է վերահսկել իրավիճակը և շարունակել կոչերն ու ճնշումները՝ վերականգնելու քաղաքացիական և առևտրային հաղորդակցությունը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք դիտարկում ենք աջակցության հարցը։ Այդ տարածք մուտքի հնարավորություն չունենք, բայց ԱՄՆ կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ լուծումը խաղաղության համաձայնագիրն է, որը կապահովի տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունը»:
Մենենդեսն արձագանքել է Լիբբիի խոսքերին. «Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում»: