Գործադիրն առաջարկում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունները:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձևերի և տրման կարգավորումները: Սահմանվում են վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների ու որակավորման վկայականների տրման պահանջները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: