Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է Հայաստանում ձևավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա, և ամեն տարի սուբսիդավորվում է ապահովագրավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից ապահովագրել իրենց բերքը։ Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների՝ կարկուտի պատճառով կրած վնասներին:
«Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ մենք չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրական ընկերություններն անեին, և դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն պրոդուկտը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։
Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է, մենք այստեղ լրացուցիչ որևիցե գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալներն ու նոր բերքի տեսակները:
«Կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական պրոդուկտը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,- ասաց Քերոբյանը։