Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հարցը ամրագրված է փաստաթղթով, սակայն այս պահին այն փաստացի արգելափակված է։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավորներից Քերեն Մելքիորը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային դիտորդական առաքելություն՝ վեր հանելու, թե ինչպես պետք է ապահովվի միջանցքի հասանելիությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ պատգամավորը նշել է, որ նախկինում ստորագրված փաստաթղթերը խախտվել են, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի նորերը։
Պատգամավորի ելույթին արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ երբեմն համաձայնագրերի կատարումը հնարավոր չի լինում ապահովել, և իրավիճակը մտնում է փակուղի։
Բորելը կոչ է արել լավատես լինել, քանի որ փաստաթղթերի թեկուզ մասնակի կյանքի կոչմամբ հնարավոր է եղել կանխել զինված բախման հերթական բռնկումը տարածաշրջանում։
Արձագանքելով՝ պատգամավորն անդրադարձել է ռազմագերիների խնդրին՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց վերադարձն ավահովելու համար։ Բորելը պատասխանել է, որ նման խնդիրները կարող են լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։