Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը, ինչես նաև հանդիպումը ընդլայնված կազմով:
Ելույթ ունենալով ընդլայնված կազմով հանդիպմանը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական միասնությունը միջազգային գործոն է։ «Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի գործոնը»: Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Բանակցություններն ու քննարկումներն արդյունք չեն տվել։ Մենք արդյունքի ենք հասել մեր ուժի շնորհիվ»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը հավելել է․ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է։ Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում։ Այդ միջանցքի բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»։
Ալիևը նաև տեղեկացրել է, որ այս տարի Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անցկացնեն 16 համատեղ զորավարժություն, որոնցից 6-ն արդեն կայացել են։ Նա հավելել է, որ Ադրբեջանի բանակը շարունակում է զարգանալ թուրքական մոդելով։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն, երբ Ադրբեջանը ցանկանա։ Նրա խոսքով՝ դա կարևոր ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։
Էրդողանի խոսքով՝ Շուշիի հռչակագրի շնորհիվ Անկարայի և Բաքվի հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի, և թուրքական կողմը հաստատակամ է հետագայում ևս զարգացնել փոխգործակցությունը Ադրբեջանի հետ: