«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման և պաշտպանության նկատմամբ հանրային և վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է բարձրացնել օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաև սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում:
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում նախատեսվում է կրկնապատկել գործող վարչական տույժերի չափերը` քաղաքացիների համար տուգանքի չափն ութսունապատիկից դարձնելով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար` երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Օրենսգրքում լրացումներով հեղինակն առաջարկում է նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը:
Հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը և պատասխանելով պատգամավորների հարցերին` Լիիթ Գալստյանը նշել է. «Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաև գործողների ոչ պատշաճ կիրառման հետևանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»: Հեղինակը հույս է հայտնել, որ փոփոխությունները նպաստելու են առկա խախտումների նվազմանը:
Զեկուցողը բարձրաձայնել է նաև մի շարք երկրներում գործող տուգանքների չափերը:
Լիլիթ Գալստյանի խոսքով մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման նկատմամբ պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչական տուգանքների սահմանմամբ: Պատգամավորը նշել է, որ հետագայում կառաջարկի համապատասխան լրացումներ կատարել նաև Քրեական օրենսգրքում:
Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում նախագծով առաջարկվող տուգանքների չափերի վերանայումը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում: