Այս սառնարանում են պահվում այն կաթնամթերքի նմուշները, որոնք հերթով անցնելու են Փորձագիտականի նոր սարքավորումների միջով. առաջին անգամ այս կենտրոնում հետազոտությամբ հնարավորություն կլինի պարզել սննդամթերքում՝ հատկապես կաթնամթերքում, կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպերի որակական ցուցանիշը:
Սոֆյա Սարգսյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի քիմիկոս փորձագետ) - Սա քամած մածուն է, քամած մածունի համար վերցնում ենք նմուշ 10 գրամ: էս կշռվածքը ինձ համար համարվում է արդեն ճիշտ, և ես կարող եմ հետագա նմուշապատրաստումը կատարել:
Այնուհետև մշակման մի քանի փուլից հետո պատրաստի նմուշը լցնում են սրվակի մեջ և փոխանցում լաբորատորիային՝ վերջնական վերլուծության համար:
Սոֆյա Սարգսյան - Որպեսզի պարզենք՝ մեր նմուշում առկա են բուսակա՞ն, թե՞ կենդանական յուղեր, որպեսզի հասկանանք՝ ինչ որակի մթերքի հետ գործ ունենք:
Հետազոտության արդյունքները ստանալուց հետո միայն կկազմվի հստակ եզրակացություն:
Հրայր Ալեքսանյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ) - Որի հիման վրա էլ որոշումն իրականացնող մարմինը արդեն իր գործողությունները կկատարի, դա կլինի թե՛ կաթնամթերքի սֆերայի վերահսկողություն, թե՛ թույլ կտան էդ կաթնամթերը շուկա դուրս գա կամ չէ:
Ըստ կարգավորման՝ կաթնամթերքի փաթեթի վրա պետք է նշված լինի, թե ինչ ճարպեր է այն պարունակում: Փորձագետների խոսքով՝ որոշ դեպքերում կաթնամթերքը ներառում է և՛ կենդականան, և՛ բուսական ծագում ունեցող ճարպեր, սակայն նշված է լինում միայն մեկը:
Հրայր Ալեքսանյան - Պետք է լինեն կենդանական ծագման ճարպայուղեր, որոնք որ բնական են, իսկ եթե լինեն բուսական ծագման ճարպայուղեր,արտադրողը պետք է պարտադիր մակնշի իր արտադրանքի վրա, որ դա պանրային արտադրանք է, կաթնամթերքային արտադրանք է, սմետանային արտադրանք է, որը որ պարտադիր պետք է նշվի, որ կան բուսական ծագման ճարպաթթուներ, ճարպայուղեր:
Կենտրոնի այս նոր հետազոտությունը հնարավորություն կտա բարձրացնել համապատասխան արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը կնվազեցնի շուկայում այն կեղծումները, որոնք վտանգավոր են մարդկանց առողջության համար։
Հեղինակ Լիանա Խաչատուրյան