Ադրբեջանի խնդրանքով վաշինգտոնյան բանակցությունների հետաձգումը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, պայմանավորված չէ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի հակասություններով: Խորհրդարանի խոսնակը հնարավոր է համարում, որ բանակցություններն առաջիկայում տեղի կունենան:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Համադրելով փաստերը, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է՝ իր տպավորությամբ՝ թուրքական կողմն ունի այդ կամքը, և այս փուլում նման եզակի հնարավորություն կա:
Ալեն Սիմոնյան - Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է, նույնիսկ, անցնելով մեծ քննադատության միջով, բայց ՀՀ-ին, հայ ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում տարաձայնությունները տեխնիկական են՝ նշել է Սիմոնյանը:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀՀ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ. ԵՂՈՅԱՆ
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհները պետք է լինեն մեր երկրի իրավազորության ներքո:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Հայաստանի Հանրապետության սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սահմանապահի:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ ապաշրջափակվող ճանապարհների հսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը, Արման Եղոյանն ընդգծել է՝ մանրամասները դեռ քննարկման փուլում են, սակայն խոսքը կարող է վերաբերել ճանապարհի և բեռների անվտանգության նկատմամբ հսկողությանը:
Արման Եղոյան - Ամեն դեպքում հասկանում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որ կա, ենթադրենք, այլ պետությունների հետ: Ամեն դեպքում, 2020 թ. նոյեմբերի 9-ին, բնական է, որ կային որոշակի անվտանգային հարցեր և հիմա էլ շատ դեպքերում կան:
ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Ճանապարհների ապաշրջափակման հարցում մեր երկրի նկատմամբ պարտադրանք լինել չի կարող, քանի որ Հայաստանի իշխանությանն ընտրել է ժողովուրդը՝ նշել է Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան - Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով, և աշխարհն այսուհետ ընկալում է այս ամենը որպես հարձակում ժողովրդավարության նկատմամբ: Ճիշտ է՝ մենք մեր սխալներն ունենք, ճիշտ է՝ ամեն ինչ չէ իդեալական, բայց ակնհայտ է առաջընթացը, ակնհայտ է կամքը իշխանության՝ եղած խնդիրները նույնպես լուծելու և շտկելու, և դա չի կարող անարձագանք մնալ:
Խորհրդարանի խոսնակը, անդրադառնալով նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման հարցում ռուսական կողմի հետ հակասություններին, շեշտել է՝ Լաչինի միջանցքով անխոչընդոտ անցանելիություն ապահովելու հարցում Ռուսաստանն իր պարտավորությունը չի կատարում:
Ալեն Սիմոնյան - Այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը, արդյոք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս, ղազախ զինվորները պետք է գան և կրակեն ադրբեջանցի զինվորների վրա՞. բնական է, որ՝ ոչ: Արդյոք քաղաքական լծակներ կա՞ն, որոնք պետք է օգտագործվեն. այո, կան: Արդյոք ես գնահատո՞ւմ եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում: Այո, ես տենց եմ համարում, որ կարելի է ավելի շատ քաղաքական լծակներ կիրառել, որպեսզի այդ հարցը լուծվի:
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ դրական է որակել Հայաստանում տեղակայված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության նոր օպերատիվ կենտրոնների հիմնումը Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում: Արման Եղոյանն ընդգծել է նաև տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածության ավելացումը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան