ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Բաքու այցից հետո Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը:
«Չէ, կոշտացնելը հո դրանո՞վ չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունից: Պետք է նորից օրինակ բերեմ միջանցքի մասին խոսակցությունը:
Տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու: Կարծես թե այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել է, չնայած՝ որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է, եթե ընտրված չլիներ՝ պարտադրանք կարող էր լինել:
«Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով: Ճիշտ է՝ մենք մեր սխալներն ունենք, ամենը չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ»,- նշեց ԱԺ նախագահը: