«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք, լաստանավային բեռնափոխադրումներ, Չոր նավահանգիստ: Հայաստանում աշխատանքներ են տարվում Լարսին այլընտրանք տրանսպորտային նոր ուղիներ գտնելու ուղղությամբ: Ունի՞ Հայաստանը հնարավորություն՝ մաս կազմելու հնդկական «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին: Նախարար Քերոբյանի խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ քննարկելու այդ խնդիրները:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Խնդիրները բազմազան են ֆիզիկական ծանր ճանապարհներից, մաքսակետերից սկսած մինչև արտոնյալ ռեժիմներ, և, ի վերջո, մեր նապատակն է հասկանալ մեր մասնակցությունը տրանսպորտային միջանցքին:
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային 7200 կմ ընդհանուր երկարությամբ միջանցքը ձգվում է հնդկական Մումբայի նավահանգստից դեպի Սանկտ-Պետերբուրգ: Այն ստեղծվել է՝ Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա: Վերջերս Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել էր, որ իրենց երկիրը մտադիր է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով:
Կառավարությունը աշխատանքներ է տանում նաև լաստանավային բեռնափոխադրումները կանոնավոր դարձնելու ուղղությամբ: Ապրիլից սկսվել է ծովային բեռնափոխադրումը Նովոռոսիյսկ-Բաթում և հակառակ ուղղությամբ։
Վահան Քերոբյան - Հույս ունենք, որ տնտեսվարողներն իրենց բեռների զգալի մասը կտեղափոխեն դեպի այս ուղղություն, որը հնարավորություն կտա կապվածություն ունենալ եվրասիական մայրցամաքի և երկաթուղային համակարգի հետ:
Այս պահին շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում է իրականացվում։
Վահան Քերոբյան - Բեռնափոխադրողը, որ աշխատում է տեղական տրանսպորտային ընկերությունների հետ, արդեն ապահովում է, որպեսզի նավային բեռնափոխադրումները շաբաթական մեկ անգամ տեղի ունենան:
Ընթացքի մեջ է նաև Գյումրիում «չոր նավահանգիստ» և արդյունաբերական պարկ հիմնելու ծրագիրը:
Վահան Քերոբյան - Գնում ենք առաջ և գտնվում ենք խոր տեխնիկատնտեսական վերլուծության փուոլում:
Չոր նավահանգստում նախատեսվում է իրականացնել բեռնաթափում և պահպանում, մաքսազերծում, հսկողություն և բեռների համախմբում:
Վահան Քերոբյան - Այստեղ մենք գործ ունենք ցամաքային դեպոյի, լոգիստիկ պարկի և հատուկ տնտեսական գոտու հետ, և արդյունքում այս ամենի համախմբումը պետք է տա խոշոր ներդրումներ ներգրավելու կարևոր միջավայր:
Նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունները կիրականացնի նիդերլանդական ընկերությունը և կպատասխանի գլխավոր հարցին՝ Գյումրիի չոր նավահանգստի և ինդուստրիալ պարկի ստեղծման համար հնարավոր ներդրումներն արդարացված կլինե՞ն, թե՞ ոչ։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան