Բովանդակային առումով կարող եմ ասել, որ ՀՀ-ի ամփոփոխ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ճանապարհները պետք է գործեն ՀՀ իրավազորության ներքո, տեխնիկական նրբություններն առանձին քննարկման առարկա են: Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոյեմբերյան եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Մեր՝ հայ-իրանական սահմանի երկայնքով, կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ և նաև մաքսակետերում, մի քանի այլ կետերում էլ. մենք այստեղ երկու հարց պետք է տարանջատենք՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գործող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ»,- ընդգծեց Եղոյանը:
Իսկ ինչ վերաբերում է ռուս սահմանապահների կողմից վերահսկողությանը, ապա դա, պատգամավորի խոսքով, կարող է վերաբերել ճանապարհի անվտանգությանը, բեռների անվտանգությանը: «Ամեն դեպքում, հասկանում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա փոխվստահության այն մակարդակը, որ կա այլ պետությունների հետ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին բնական է, որ կային անվտանգային հարցեր, և հիմա էլ շատ դեպքերում կան, և հիմա էլ բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, այսինքն՝ անվտանգության միջոցառումների վերահսկողությունը պետք չէ բերել, միացնել այն հարցի հետ, թե սահմանին որ պետությունը ներկայացնող կամ որ ազգության սահմանապահ է նստած. դրանք երկու առանձին հարցեր են»,- ասաց Արման Եղոյանը:
Նա տեղեկացրեց, որ այժմ ռուս գործընկերների հետ քննարկումներ են այն հարցի շուրջ, թե ինչ տեխնիկական մանրամասներով են ճանապարհները ապաշրջափակվում: