Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությունը և օրենսդրական բարեփոխումները՝ անդրադառնալով Հայաստանում երկնիշ տնտեսական աճին և արտաքին առևտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ մի շարք ՍԾՏՀ անդամ երկրների հետ։ Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հիման վրա։
Վահե Գևորգյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Նախարարի տեղակալ Գևորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար:
Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է մի շարք բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՀՀ թեկնածությունը՝ որպես ՍԾՏՀԿ Մշակույթի աշխատանքային խմբի 2023-2025 թթ. համակարգող երկիր։