Համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին ասաց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը համայնքային ոստիկանական բարեփոխումներին առնչվող նախագիծը ներկայացնելիս:
«Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում պատկերացնում ենք՝ Ոստիկանությունը ունենա 4 հենասյունային ուղղություններ, որոնցից են քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և վերջին ուղղությունը հիմնական համայնքային ոստիկանությունն է, և, ըստ այդմ, հայեցակարգային որոշ փոփոխություններ ենք առաջարկում այս բնագավառում, որպեսզի այն առաջնային օղակը, որը տարածքներում շատ ավելի ինֆորմացված է համայնքում իրականացվող տարբեր միջոցառումներին կամ իրավիճակներին, կարողանա ավելի արդյունավետ արձագանքել տվյալ իրավիճակներին, և ապահովել նաև փոխհամագործակցություն ոստիկանության մյուս ուղղությունների հետ»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ արդյունքում պատկերացնում են՝ տարածքներում համայնքային ոստիկանությունը կլինի շատ ավելի ունիվերսալ՝ իրականացնելով թե՛ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացումը, թե՛ զբաղվելով անչափահասների, ընտանեկան բռնության գործերով:
Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համայնքային ոստիկանները կիրականացնեն նաև ոչ մեծ և միջին ծանրություններով օպերատիվ հետախուզական աշխատանք:
Փաթեթում ընդգրկված է նաև երեխային իրավունքի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է Կառավարության կողմից սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանության, աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը:
Ըստ փոխնախարարի՝ համայնքային ոստիկանության ծառայողների թիվը մեծ է, ուստի նախատեսվում է նաև օպտիմալացում:
«Պետք է հաշվի առնել արդի ժամանակահատվածում նրանց տրամադրվող ֆունկցիոնալ բազան և դրան համահունչ հասկանալ նաև հաստիքային միավորները»,- ասաց Արփինե Սարգսյանը: