Անկարան շարունակելու է վճռականորեն պաշտպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերը Արևելյան Միջերկրական ծովում։ Այս մասին Հյուսիսային Կիպրոս այցի ընթացքում ինքնահռչակ այդ երկրի ղեկավար Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը Հյուսիսային Կիպրոսի ճանաչումն է։ Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանում Անկարայի քաղաքականությունը հիմնված է խաղաղության ձգտման վրա։
«Թուրքիայի ճանապարհային քարտեզը տարածաշրջանի համար պարզ է և կենտրոնացած է խաղաղության վրա: Մենք հանդես ենք գալիս Էգեյան ծովը խաղաղության ծով դարձնելու օգտին»,- ասել է նա։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԱՔՈՒ
Ռեջեփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո պետական այցով մեկնել է Բաքու։ Թուրքիայի նախագահի պատվիրակության կազմում են նորանշանակ արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարները, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, ազգային հետախուզական ծառայության պետը, նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ։
Հեյդար Ալիևի օդանավակայանում Էրդողանին և Թուրքիայի առաջին տիկնոջը դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարը, Անկարայում Ադրբեջանի դեսպանը և Բաքվում Թուրքիայի դեսպանը։ Բաքվի «Գյուլիստան» դղյակում Թուրքիայի նախագահի պատվին կազմակերպվել է պետական ընդունելություն։
Այսօր նախատեսված Ալիև-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Ադրբեջան-Հայաստան երկխոսության գործընթացը։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔՆԵՐ ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ ԵՆ
Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը Կիևում, Կրիվոյ Ռոգում, Դնեպրում, Կրոպիվնիցկի և Տերնոպոլի շրջաններում պայթյուններ են որոտացել։ Կրիվոյ Ռոգը ենթարկվել է նաև հրթիռային հարձակման, ինչի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալով, կա առնվազն 6 զոհ, ավելի քան 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նշվում է, որ ավերվել են բազմահարկ և մասնավոր տներ, վնասվել են մեքենաներ: Կիևը ևս ենթարկվել է հարձակման, օդային տագնապը շարունակվել է մի քանի ժամ։
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերի հարվածների մասին: Մասնավորապես գնդակոծվել են Նոր Կախովկան և Խերսոնի այլ բնակավայրեր:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է մարտի դաշտում ստեղծված իրավիճակը:
«Կատաղի մարտեր են, բայց առաջընթաց ունենք: Թեև եղանակն անբարենպաստ է և անձրևները բարդացնում են զինվորականների առջև դրված խնդիրների իրականացումը, այնուամենայնիվ, դրական շարժ կա», - նշել է Զելենսկին:
Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորները առաջ են շարժվում մասնավորապես Բախմուտի ուղղությամբ: Պաշտպանության փոխնախարար Անա Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերն ազատագրել են 16 քառակուսի կմ տարածք:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՇՈՒՐՋ
Իրանը և ԱՄՆ-ն Օմանում բանակցություններ են անցկացնում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նասեր Քանանին միաժամանակ հերքել է լուրերը, թե Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր միջանկյալ համաձայնագիր կնքելն է։ «Իրանական կողմը մտադիր է խորհրդակցություններ անցկացնել միայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ»,- պարզաբանել է Քանանին։
Հիշեցնենք՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կնքվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեին՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականին, սակայն, Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից, ինչը լարվածության նոր ալիքի պատճառ դարձավ: Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին:
ԹՐԱՄՓԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի մեկնել է Ֆլորիդա: Լրատվամիջոցների տվյալով՝ Մայամիում նախատեսվող դատական նիստի ժամանակ նրան պաշտոնապես մեղադրանքներ կներկայացվեն գաղտնի փաստաթղթերի գործով:
Անցած շաբաթ հրապարակվել էր Թրամփի գործով մեղադրական եզրակացությունը. որը պարունակում է 37 մեղադրական կետ, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տալու, գաղտնի փաստաթղթեր պահելու և հանցավոր դավադրության մասին։
Նախկին նախագահը պնդում է, որ անմեղ է, իսկ իրավական գործընթացը որակում քաղաքական հետապնդում։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Թել-Ռըֆաաթ քաղաքի արվարձանում պարեկություն իրականացնող ռուսական ռազմական ոստիկանության շարասյունը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Միջադեպի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։
Ըստ տեղի քրդական աբյուրների՝ շարասյան վրա հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ թրքամետ ուժերի կողմից: