Իրանն ու Միացյալ Նահանգները Օմանում բանակցություններ են անցկացնում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նասեր Քանանին միաժամանակ հերքել է լուրերը, թե Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր միջանկյալ համաձայնագիր կնքելն է։ «Իրանական կողմը մտադիր է խորհրդակցություններ անցկացնել միայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ»,- պարզաբանել է Քանանին։
Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կնքվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեին՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականին, սակայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ծրագրից, ինչը լարվածության նոր ալիքի պատճառ դարձավ: Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին: Այժմ կողմերի միջև պարբերաբար քննարկումներ են ընթանում: