Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, եվրապատգամավոր Նատալի Լուազոն անդրադարձել է Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցությանն էներգետիկ ոլորտում։
Նա մասնավորապես նշել է, որ ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ նրան անվանելով «վստահելի» գործընկեր, փոխարենը ոչինչ չի անում՝ օգնելու շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերին։ Լուազոն հարցրել է. «Ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը Եվրամիությանը չի վաճառում Ռուսաստանից գնված գազը»։
Արձագանքելով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցում Եվրամիությունը, որպես «ազնիվ միջնորդ», հավասարակշռված դիրքորոշում ունի, ինչն ընդունում են երկու կողմն էլ։
Բորելի խոսքով՝ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդելու, ինչպես նաև մարդու իրավունքների հարցում Ադրբեջանին քննադատելու հաշվին չի արվում։