Դատախազությունը Տերյան 76 հասցեի Ուսանողական այգու տարածքը պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսել:
Հենց այդ տարածքի վրա է կառուցվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբը: Դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումը՝ հողամասը ապօրինի օտարելու վերաբերյալ: Հայցը դատարանն ընդունել է վարույթ:
Քաղաքապետի հենց այս որոշմամբ ավելի քան 626 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով՝ մոտ 24 մլն դրամով օտարվել է «Արմեն» ընկերությանը: Դատախազը Տերյան 76 հասցեի կադաստրային գործի ուսումնասիրության արդյունքներն է ներկայացնում, հիշատակում դեռևս 2003 թվականին կնքված պայմանագիրը
Իգոր Ալավերդյան (Երևանի դատախազության ավագ դատախազ) - նույն թվականի մարտի 10-ին նույն ընկերության հետ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր որով վարձատուն, վարձակալին է հանձնել 1248 մակերեսով հողատարածքը:
Հետագայում, ըստ դատախազի, վարձակալության պայմանագրի ժամկետը երկարացվել է:
Իգոր Ալավերդյան - Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները մասնավորեցման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հող հանդիսացող Կառավարության կողմից համայնքին ընդհանուր օգտագործման նպատակային նշանակության և գործառնական նշանակությամբ փոխանցված «Ուսանողական այգու» 1248 մ քմ տարածքից 626.22 քմ մակերեսով տարածքը գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակառակ օտարել է «Արմեն» ՍՊԸ-ին, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ընկերության սեփականատերը, որին օտարվել էր տարածքը, Վաչագան Ղազարյանի կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը, իսկ տնօրենը Սերգեյ Կարապետյանն է, որը ղեկավարում է «Յանս» ակումբը: «Լուրերը» կապ հաստատեց Սերգեյ Կարապետյանի հետ, նա ասաց՝ ոչինչ մեկնաբանել չի կարող, կսպասեն դատարանի որոշմանը: Դատախազությունը դատարանից պահանջում է նաև որպես հետևանք վերացնել քաղաքապետարանի և «Արմեն» ընկերության միջև 2015 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, կադաստրի կոմիտեում նույն ընկերության անվամբ 2015 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
Բացի դատախազության ներկայացրած հայցից, դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար: Կոմիտեից ասացին՝ վարույթի շրջանակում դեռ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան: Ի դեպ, թե՛ Վաչագան Ղազարյանը, թե՛ նրա կինն ու ակումբի տնօրենը մեղադրյալ են մեկ այլ գործով՝ շորթման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան