Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանին:
Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, Կոտայքի մարզի դատախազության դատախազները:
Գլխավոր դատախազը շնորհավորել է Սևակ Պողոսյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր գնահատել նրա մասնագիտական և մարդկային հատկանիշները և հույս հայտնել, որ իրավապահ կառույցների մարզային ղեկավարների հետ համատեղ աշխատանքը կլինի անխոչընդոտ և արդյունավետ:
Անդրադառնալով մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը վերահաստատել է իր մոտեցումը, որ համատեղ աշխատանքը պետք է լինի գործընկերային՝ ուղղված քրեական վարույթների քննության արդյունավետության ապահովմանը:
Մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել իրավապահ գործընկեր կառույցների հետ հանցավորության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի: Գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ: