Երևանում մեքենաները մտնում են Գայի պողոտա ու փոխում երթևեկելի գոտին, որովհետև հունիսի 11-ից առաջին գիծն առանձնացվել է միայն հասարակական տրանսպորտի համար:
Գայի պողոտայի երկարությունը երկու կիլոմետր է: Այդտեղով 26 երթուղի է անցնում: Հասարակական տրանսպորտի ուղևորներից բացի` վարորդներն էլ դրական են գնահատում փոփոխությունը: Հինգ համարի ավտոբուսի վարորդը նկատում է` առանձին գիծ ունենալուց հետո նախկինում՝ պիկ ժամերին, 20 րոպե տևած ճանապարհը հիմա անցնում են 5-7 րոպեում:
Գառնիկ Դանիելյան (ավտոբուսի վարորդ) - Փոփոխությունը շատ մեծ է, առավել ևս` առավոտյան կամ երեկոյան ժամերին: Խցանումների մեջ չենք մնում: Վարորդներ կան, որ դեռ չգիտեն՝ ինչի համար են նախատեսված գծերը, դեռ մտնում են, ամեն դեպքում` մեր երթևեկությունը ավելի արագ ու հարմարավետ է ստացվում: Մարդիկ գործից չեն ուշանում:
Երթևեկության կազմակերպման փոփոխությունից, սակայն, դժգոհ են մինչև այդ մայթեզրերին, կանգառների մոտ կայանած տաքսիների վարորդները: Հիմա մի քանի մետր այն կողմում են սպասում ուղևորների: Վստահ են, որ այդ հեռավորության պատճառով կկորցնեն նրանց:
Ադիկ Վարդազարյան (տաքսու վարորդ) - Այստեղ կանգնելիս ենք եղել: Հիմա բերել են, փակել էստեղ լրիվ, մենք չենք կարողանում էստեղ կանգնենք, որպեսզի քշենք, էստեղից էլ ոչ մեկը չի բարձրանա վերև: Հիմա մենք խնդրում ենք, որ թույլ տանք էս առաջին գծում կանգնենք, ոչ մեկին չենք խանգարում: Եթե մենք էստեղ կանգնում ենք, ավտոբուսը գալիս է, սենց թող գնա:
Գառնիկ Դանիելյան - Այսինքն՝ մենք պետք է թեքենք երկար ավտոբուսը` իրենց շրջանցելու համար, պետք է փակենք մեկ-երկու շարք ավել` մնացած երթևեկությանը խոչընդոտելով, որ էդ մի հատ ճանապարհով չենք կարողանում գնալ:
Տաքսու վարորդները բողոքով դիմել են Երևանի քաղաքապետարան, հանդիպել տրանսպորտի վարչության ղեկավարի հետ:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Իրենց պահանջն է, որ շարունակեն կայանել նախկին տեղերում, որը միանշանակ մերժվեց: Եվ քննարկման արդյունքում առաջարկվեն ներկայում թույլատրվող կայանատեղիներում առանձնացնել մի քանիսը տաքսի տեսակի տրանսպորտային միջոցների կայանման համար:
Հարցին` ընդունեցին արդյոք առաջարկը, Հարությունյանը պատասխանեց.
«Այո, և շնորհակալ էին»:
Գնահատելով արդեն երկու օր գործող երթևեկության փոփոխությունը` քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարը ասաց՝ նպատակին հասել են:
Վազգեն Հարությունյան - Նպատակը բացառապես հասարակական տրանսպորտի շարժակազմի երթևեկության անընդհատության ապահովումն էր: Հասարարակական տրանսպորտով երթևեկող քաղաքացիները այսուհետ ավելի արտոնյալ վիճակում են և ավելի արագ են երթևեկում ու հարմարավետ:
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարեց փորձնական այս ծրագրի շրջանակում մշակել հասարակական տրանսպորտի համար գծանշումների կոնցեպտ, որը չի լինի մեկ փողոցի կամ պողոտայի վերաբերյալ և թույլ կտա ստանալ այս փորձի արդյունքների ամբողջական պատկերը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Խնդրում եմ կոնցեպտ ներկայացնել, և այդ կոնցեպտը ներառի միգուցե մեկ վարչական շրջան կամ միգուցե մեկ գիծ, որով մենք ինչ-որ բաներ կհասկանանք, կչափենք, կհասկանանք` խցանումներն ինչքան են ավելանում, ինչքան են պակասում:
Ավինյանն ընդգծեց՝ վստահաբար այս ճանապարհով պետք է առաջ շարժվել, բայց նաև հարկավոր է ուսումնասիրել Թբիլիսիի փորձը՝ հենց սկզբից խուսափելու համար այնտեղ ծագող խնդիրներից:
Հեղինակ` Աննա Զախարյան