Անտառների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած օրենքի նախագծով՝ նոր ծառայության 1217 աշխատակիցները կիրականացնեն Հայանտառի այսօրվա 506 անտառապահի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող 345 տեսուչների գործառույթը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Համոզված ենք, որ հենց այս գործիքն է լինելու, որը հնարավորություն է տալու կանխել անտառների հատումը, ապօրինի հատումը, և որոշ դեպքերում, իհարկե, չափից դուրս հատման տրամաբանությունը կկանգնեցնենք:
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները կընտրվեն մրցութային կարգով, դրան կկարողանան մասնակցել նաև նոր կարգավորման հետևանքով աշխատանքը կորցրած անտառապահներն ու տեսուչները: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ ծառայությունը կունենա հսկողության համար նախատեսված հատուկ տեխնիկա:
Հակոբ Սիմիդյան - Այդ ծառայությունը տեխնիկապես բավականին հագեցած է լինելու, գործիքներ, որոնք օգնելու են թե՛ գողությունների բացահայտման դեպքում, թե՛ այլ ապօրինի ներգործությունների դեպքում, թե՛, իհարկե, հրդեհների դեպքում:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Տեսանկարահանող սարքեր պետք է լինեն, պետք է լինեն ձայնի դետոնացիայի սարքեր: Պետք է լինեն ծխի, կրակի դատչիկներ, որոնք մեզ շատ մեծ օգուտ կտան անտառների հրդեհների կանխարգելելու, կանխելու և շուտ արձագանքելու:
Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների հսկողությունն այժմ իրականացվում է 8-ժամյա աշխատանքային ռեժիմով՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 18-ը: Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են՝ աշխատանքային այս գրաֆիկով հնարավոր չէ պահպանման աշխատանքների լիարժեք իրականացումը: Նոր ստեղծվելիք ծառայությունը կգործի 24/7 ռեժիմով:
Վլադիմիր Կիրակոսյան - Հիմնական ապօրինությունները տեղի են ունենում երեկոյան ժամը 6-ից, այսինքն՝ աշխատանքային ժամի ավարտից հետո:
Օրենքի նախագիծն անցել է հանրային քննարկման փուլը: Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ դեմ կարծիքներ չեն հնչել: Նոր ծառայությունը նախատեսվում է գործարկել 2024 թվականին:
Հեղինակներ` Նորայր Շողիկյան, Անի Օհանյան