Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին պետական այցն է կատարել Ադրբեջան: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և այլ պաշտոնյաներ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել ընդլայնված կազմով: Հանդիպման արդյունքներով կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Բաքուն և Անկարան կամրապնդեն բարեկամական հարաբերությունները, այդ թվում` ռազմական ոլորտում: Նրա խոսքով՝ այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացվի: Ալիևը շեշտել է՝ Ադրբեջանի բանակը զարգանում է թուրքական մոդելով։
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը: Ցավոք, միջազգային իրավունքը չի աշխատում։ Բանակցություններն ու քննարկումներն արդյունք չեն տալիս։ Մենք արդյունքի ենք հասել մեր ուժի շնորհիվ: Թուրք-ադրբեջանական միասնությունն էլ է միջազգային գործոն: Վստահ եմ՝ ընտրություններից հետո Թուրքիա-Ադրբեջան եղբայրական շփումներում նոր հնարավորություններ են բացվում: Տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության տեսանկյունից էլ Թուրքիա-Ադրբեջան միությունը շատ կարևոր է։
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային, շեշտել՝ դրա բացումն անխուսափելի է։
Իլհամ Ալիև - Այսօր կայացած բանակցություններում Էրդողանի հետ մտքեր ենք փոխանակել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ: Որքան շուտ դա տեղի ունենա, այդքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում։ Միջանցքի բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործակցության վրա։
Ռեջեփ Էրդողանը նույնպես անդրադարձել է այդ թեմային:
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Կարևոր է, որ Զանգեզուրի միջանցքը հնարավորինս շուտ բացվի: Այն կհեշտացնի Թուրքիայի և Նախիջևանի հետ Ադրբեջանի հաղորդակցությունը: Այդ միջանցքը նաև կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը: Պատերազմից հետո Ադրբեջանը ենթակառուցվածքների ու ճանապարհների հարցերում շատ զգայուն է:
Ռեջեփ Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել, երբ Ադրբեջանն ցանկանա։
Ռեջեփ Էրդողան - Հյուպատոսության բացումը կարևոր ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։ Շուշիի հռչակագրի շնորհիվ Անկարայի և Բաքվի հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի, և թուրքական կողմը հաստատակամ է հետագայում ևս զարգացնել գործակցությունն Ադրբեջանի հետ:
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Անկարան և Բաքուն քննարկում են նաև հետագա համատեղ քայլերը էներգետիկ ոլորտում: Էրդողանը նշել է՝ Եվրոպան շահագրգռված է Թուրքիայի տարածքով բնական գազ ստանալու հարցում և Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն գործակցել այդ հարցում ևս:
Կողմերը պայմանավորվել են՝ այսուհետ ևս արտաքին քաղաքականության ոլորտում հանդես կգան միասնական դիրքորոշմամբ: