Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական ահաբեկչությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից որևէ պատժամիջոցի չի հանգեցրել՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին։
Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։
«Արդեն վեց ամիս է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մենք այս խորհրդարանում հստակ դատապարտել ենք այս անհանդուրժելի իրավիճակը, բայց Եվրահանձնաժողովը լուռ է, իսկ Եվրոպական խորհուրդը հովանավորում է բանակցությունները մեղավորի և զոհի միջև»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ վճռական գործողություններ է ակնկալում՝ ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր անօրինական գործողությունները։
Բելամիի ելույթին արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անցակետի տեղադրման մասին Ադրբեջանի միակողմանի որոշումն ամբողջությամբ հակասում է վստահության կառուցման ջանքերին»,- նշել է նա, հավելել՝ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման աշխարհագրական գոտուց և չի գտնվում նրանց պատասխանատվության կամ մանդատի ներքո։
Հղում անելով Քիշնևում հունիսի 1-ին կայացած հնգակողմ հանդիպմանը՝ Բորելը հավելել է, որ Եվրամիությունը փորձում է կողմերի հետ միասին լուծում գտնել հարցին։