Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև առանցքային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հասնելու՝ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է այդ ուղղությամբ միջազգային դերակատարների շարունակական ներգրավվածության և գործուն քայլերի կարևորությունը: