Խնդիր՝ որպես այդպիսին, չկա, կա բանակցային պրոցես, որտեղ կան կարծիքներ, որոնք փորձում են բերել ընդհանուր եզրերի և համագումար ստանալ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապաշրջափակման հետ կապված հարցերին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես չգիտեմ՝ եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ներկայացուցչություն հսկի, որովհետև սահմանների բացումը, ապաշրջափակումը փոխադարձ պրոցես է։
Եթե ադրբեջանցին պետք է գա, Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, նշանակում է, որ Հայաստանի բնակիչը նույնպես կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևիցե այլ երկիր. պայմանները պետք է նույնը լինեն, և մեր դիրքորոշումն այդ առումով միանշանակ է: Հայկական տարածքի հետ կապված հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն կլինի»,- նշեց ԱԺ նախագահը:
«Մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք, և եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը... եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, այդ ճանապարհը ինչ էլ լինի, անիմաստ է լինելու. լավ կլինի որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա»,- ասաց Ալեն Սիմոնյանը: