9 զոհ, 2 գերեվարված, մարտական դիրքում թողնված քարտեզ. 44-օրյա պատերազմից հետո Հադրութի «Հին Թաղերի» 12 մարտական դիրքերի պատասխանատու 2 սպա մեղադրվում է անփութության համար:
Մայորի ու փոխգնդապետի վերաբերյալ գործը դատախազությունը ուղարկել է դատարան: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հենց այդ բնակավայրի արևելյան հատվածի 12 դիրքում է մարտական հերթապահություն իրականացրել գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ հրամանատար փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանի և մայոր շտաբի պետ Վլադիմիր Ղուկասյանի ղեկավարությամբ: Քննիչ Արսեն Գրիգորյանը հանգամանքներն է ներկայացնում:
Արսեն Գրիգորյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ) - Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, ժամը 20:30-ի սահմաններում խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակում են իրականացրել նշված 12 մարտական դիրքերից մեկի վրա, որտեղ նաև ծառայություն է իրականացրել գումարտակի շտաբի պետը:
7 հոգանոց անձնակազմը, ըստ մեղադրանքի, Վլադիմիր Ղուկասյանի հրամանով հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության ներքո:
Արսեն Գրիգորյան - Նահանջի ժամանակ նշված գումարտակի շտաբի պետը մարտական դիրքում թողել է ծառայողական գաղտնիք պարունակող քարտեզը: Ինչի՞ համար եմ նշում ծառայողական գաղտնիք պարունակող, որովհետև այդ քարտեզի վրա նշված են եղել իմ կողմից նշված 12 մարտական դիրքերի տեղակայումը, թե որտեղ են նրանք տեղակայված ինչպես նաև տվյալ մարտական դիրքերում ծառայություն իրականացնող անձնակազմի թվաքանակը:
Մայորը, սակայն, ըստ պաշտպանի, մեղադրանքը չի ընդունում, նշում է՝ քարտեզը գաղտնագրված չի եղել:
Հրանտ Վարդանյան (Վլադիմիր Մկրտչյանի պաշտպան) - Սովորական քարտեզի վրա պատկերված են եղել ընդամենը հայկական դիրքերը, ու Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ դա հանդիսանում է գաղտնի քարտեզ և ունեցել է գաղտնի գրիֆ, սակայն գաղտնիության վերաբերյալ որևէ փաստաթուղթ քրեական գործի նյութերում առկա չէ, և երբ էդ հարցը բարձրաձայնում ենք, Կոմիտեն լռում է:
Քննիչը, մինչդեռ, հակադարձում է:
Արսեն Գրիգորյան - Եթե մի փաստաթուղթ, մեր դեպքում` քարտեզը, որի վրա նշված են գաղտնի տեղեկություններ, մեր դեպքում` 12 մարտական դիրքեր` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, արդեն իսկ այդ փաստաթուղթը գաղտնի է:
Ըստ քննիչի` մայորի անփութության հետևանքով է հակառակորդը տեղեկացել դիրքերի կոորդինատների ու ուրվագծերի մասին: Այդ դիրքը գրավելու հետևանքով էլ շրջափակման մեջ է հայտնել մյուս դիրքում գտնվող Ջիվան Մկրտչյանի ղեկավարած 11 հոգանոց խումբը: Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա հետևանքով վիրավորների մասին:
Արսեն Գրիգորյան - Ինչպես նաև հետագայում զեկուցել է, որ մարտական գործողությունները դադարեցվել են, և որևիցե խնդիր չկա:
Փոխգնդապետը եւս մեղադրանքը չի ընդունում: Ըստ Հրանտ Վարդանյանի` իր պաշտպանյալը հրամանատարությանը ամբողջությամբ զեկուցել է թե դիրքի վրա հարձակման, թե այն գրավելու մասին:
Հրանտ Վարդանյան - Վերադաս հրամանատարությունը փորձել է խուսափել իր իսկ պատասխանատվությունից՝ պատճառաբանելով, որ Ջիվան Մկրտչյանը իրենց չի զեկուցել հայկական դիրքի գրավման մասին, ինչը նորից աբսուրդ է, գործով հաստատված փաստական հանգամանք է, որ 12 ժամ Ջիվան Մկրտչյանը վերադաս հրամանատարության հետ գտնվել է անմիջական կապի մեջ՝ հեռախոսազանգերի մակարդակում:
Մինչդեռ ըստ քննիչի՝ փոխգնդապետը, հակառակորդի ուժերի կուտակման պարագայում, հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին: Գրիգորյանի խոսքով՝ հրամանատարի անփույթ վերաբերմունքի հետևանքով է մարտական դիրքը հայտնվել շրջափակման մեջ:
Արսեն Գրիգորյան - Շրջափակման մեջ ընկած դիրքի անձնակազմը բազմիցս կապի մեջ է եղել հրամանատարի հետ և ներկայացրել իրավիճակը, թե ինչ իրավիճակ է ստեղծված, և նաև նշել է, որ իրենք հնարավորություն ունեն գիշերը դուրս գալ մարտական դիրքից, սակայն անձնակազմի հրամանատարը ասել է, որ պետք չէ դուրս գալ, անցեք շրջանաձև պաշտպանության, մնացեք դիրքում` մինչև որ ես կհասնեմ:
Սակայն այդպես էլ, ըստ մեղադրանքի, հրամանատարը օգնության չի հասել: Այլ ելք չունենալով` շրջափակման մեջ հայտնված անձնակազմը որոշել է դուրս գալ դիրքից:
Դիրքի անձնակազմից 9-ը զոհվել են, իսկ 2-ը, ովքեր այլ ուղղությամբ են գնացել, գերեվարվել են:
Հետագայում երկու գերեվարվածները վերադարձվել են: Գրիգորյանի խոսքով՝ փոխգնդապետը դիրքի գրավան մասին վերադասությանը զեկուցել է հաջորդ օրը: 2 սպայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան