Լաչինի միջանցքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 198 անգամ՝ 445 900-ի փոխարեն՝ 2246 մուտք և ելք է եղել: Ճանապարհով գրեթե 58 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան լինում էր մինչև շրջափակումը. 167 440-ի փոխարեն՝ 2867 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից: Շուրջ 13 անգամ քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել. ընդամենը՝ 5574 տոննա: Սրանք Արցախի կես տարվա, ավելի կոնկրետ՝ 182-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների արձանագրումներն են՝ Արցախի ՄԻՊ զեկույցում: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ զեկույցում մանրամասն արտացոլվում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) - Այսօր էլ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, որ անցակետը խոչընդոտ չի ներկայացնում, ու մարդիկ անցնում են, ու շատ հաճախ տեսանյութեր են հրապարակում մեր քաղաքացիների անցակետով անցնելուց՝ իբր, բնական գործում է: Բայց երբ թվերը համեմատում ենք, դա արդեն իսկ խոսում է շրջափակման շարունակման մասին և ադրբեջանական թեզերի կեղծ լինելու մասին:
Զեկույցում նշվում է, որ պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից: Ադրբեջանը 117 օր շարունակ ամբողջությամբ կամ մասնակի ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Վառելիքի սղության պայմաններում էապես տուժել է նաև ներքին տեղաշարժը: Արդեն 154 օր խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով շարունակվում են հովհարային և վթարային անջատումները: Նախնական հաշվարկով՝ 11 հազար մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը: Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն դոլարի վնաս:
Գեղամ Ստեփանյան - Եթե տնտեսությունը չի աշխատում, ու տնտեսության վրա եթե շրջափակումը կործանարար հետևանք է ունենում, դա անմիջապես արտահայտվում է մարդկանց կյանքի վրա: Արդեն 6 ամիս արտահանում բացարձակ չի արվում. եթե մինչև շրջափակումը 201 տոննա էր արտահանվում, հիմա առհասարակ չկա: Մյուս ճյուղերում ևս կա ազդեցությունը. նույն շինարարական... Տեղահանվածների վրա ևս վատ ազդեցություն է եղել, ու հիմա շինաշխատանքների դադարեցման պատճառով ոչինչ հնարավոր չի լինում անել:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, չի իրագործում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը: Ավելին՝ ապրիլի 23-ից էլ ադրբեջանական կողմը անօրինական անցակետ է տեղադրել Հագարիի կամրջի վրա: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները՝ շեշտում է Արցախի մարդու իրավուքների պաշտպանը:
Գեղամ Ստեփանյան - Մեր ակնկալիքն այն է, որ միջազգային հանրությունը ի վերջո ստանձնի պատասխանատվություն Արցախի ժողովրդի նկատամաբ համակարգված ատելությանը վերջ դնելու համար ու գործուն քայլերով ապացուցի, որ հավատարիմ է ՄԻՊ-ի օրակարգին ու դա առաջնորդելու համար պատրաստ է հստակ գործողությունների:
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը փաստում է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, նշում է՝ Արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին: