Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն: Թուրքիայի նախագահին դիմավորել է Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և Կիպրոսի հարցում հնարավոր հեռանկարներին։ Նախագահ Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ավանդույթի համաձայն Հյուսիսային Կիպրոսից մեկնում է Ադրբեջան:
Նա նշել է, որ մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանում, հանդիպելու է նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Առաջնորդների հանդիպման օրակարգում ներառված է Անկարա-Բաքու գործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն ու Ալիևը քննարկելու են նաև Ադրբեջան-Հայաստան երկխոսության գործընթացը, նախատեսվում են ուղերձներ Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետ կապված։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տարբեր հաճախականությամբ չորս տարբեր քննարկումներ է անցկացվել։ Քննարկումների վերջին փուլում համաձայնություն է ձեռք բերվել որոշ գործնական քայլերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջև տեխնիկական պատվիրակությունների փոխանակման՝ լարվածությունը կառավարելու և թյուրիմացությունները հարթելու նպատակով՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Քանանին հայտնել է, որ այս պահին քննարկման փուլում է երկկողմ լարվածությունը թուլացնելու հարցը, որից հետո քննարկվելու է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման հարցը։
Պատասխանելով Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին՝ Քանանին ընդգծել է, որ իրանական դիրքորոշումը այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային երկրները, իսկ արտաքին ուժերի առկայությունը խաթարում է անվտանգությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին՝ ընդգծել՝ երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման գործընթացը ընթանում է ցանկալի արագությամբ, և որևէ խոչընդոտ չի եղել։ Մոտ ապագայում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կայցելի Թեհրան։
Ասուլիսի ընթացքում Քանանին ևս մեկ անգամ հերքել է Ուկրաինայի պատերազում Իրանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելու մեղադրանքները:
ԲԱՔՎԻՑ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Թեհրանի հայտարարությանն արձագանքելեն Բաքվից: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար Ադրբեջանը պետք է իրանական կողմից երաշխիքներ ստանա դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի ամբողջական անվտանգության համար՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Այխան Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը սպասում է գործի հետաքննության ավարտին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը շփումներ են ունեցել այս հարցի շուրջ: Խնդիրը մանրամասնորեն քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում։
ՌԴ ՊՆ-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ԱԽՄԱՏ» ՋՈԿԱՏԻ ՀԵՏ
ՌԴ պաշտպանության նախարարությունը կամավորների մասին հրամանով առաջին պայմանագիրը կնքել է «Ախմատ» ջոկատի հետ: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը հույս է հայտնել, որ հետագայում բոլոր կամավորական ջոկատները նման պայմանագրեր կստորագրեն:
Հունիսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է ստորագրել, որով սահմանվել է կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը։
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ չի պատրաստվում պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ «Վագների» հիմնադիրը նշել է, որ պաշտպանության նախարարության հրամանը չի տարածվի իր մարտիկների վրա։
Նրա խոսքով` Վագները օրգանապես ներդրված է ռուսական ուժերի համակարգում», ենթարկվում է Ռուսաստանի և Գերագույն գլխավոր հրամանատարի շահերին և համաձայնեցնում է իր գործողությունները գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ։
ՌԱՖԱՅԵԼ ԳՐՈՍԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին մեկնել է Ուկրաինա: Կիևում նա կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Գրոսիի այցի նպատակը Կախովկայի ամբարտակի փլուզման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի գնահատումն է, ինչպես նաև աջակցության ծրագրերի քննարկումը:
Կախովկայի ջրամբարը ջուր է ապահովում Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ատոմայականի անվտանգությանը վտանգ չի սպառնում:
ԱՄԲԱՐՏԱԿԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 10 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է, 42-Ն ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ Է
Կախովկայի ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի՝ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն: 42 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, համարվում է անհետ կորած։ Նախարարի խոսքով՝ նշված տվյալները միայն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից են։ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում զոհերի թիվ չի նշվում։
Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ այլ շրջաններից Խերսոն են ուղարկվել կոմունալ ծառայությունների լրացուցիչ ուժեր, ինչպես նաև հատուկ տեխնիկա։ Տուժած տարածքներում ջրի մակարդակը աստիճանաբար նվազում է։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ օրական վերցվում է գետի ջրի և շրջանի խմելու ջրի մինչև 150 փորձանմուշ։