Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են մեր երկիրը:
ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարևորելով ատեստավորման գործընթացը՝ նախարարը նաև շեշտել է, որ այն պետք է լինի շարունակական՝ դառնալով հայոց բանակի զարգացման կարևոր խթաններից մեկը:
Սուրեն Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները, ինչպես նաև խորհրդանշական նվերով է պարգևատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:
Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների հանդիսավոր երթով: