Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Նա հանդիպելու է նախագահ Էրսին Թաթարի հետ. նախատեսվում է, որ Էրդողանը հանդես կգա ուղերձներով՝ նվիրված Կիպրոսի հիմնախնդրին և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ճանապարհային քարտեզին:
Հունիսի 13-ին էլ Էրդողանն կայցելի Ադրբեջան։ Նա հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Առաջնորդների հանդիպման օրակարգում ներառված են Անկարա-Բաքու գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն ու Ալիևը քննարկելու են նաև Ադրբեջան-Հայաստան երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացը, նախատեսվում են ուղերձներ Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետ կապված։
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ գերության մեջ գտնվող 94 ռուսաստանցիներ բանակցություններից հետո ազատ են արձակվել և տեղափոխվել բժշկական հաստատություններ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ 95 ուկրաինացի զինծառայողներ են վերադարձվել, այդ թվում՝ վիրավորներ։ Երմակը նշել է, որ գերությունից ազատվածները անցած տարի մասնակցել են Մարիուպոլի մերձակայքում տեղի ունեցած մարտերին:
«ՎԱԳՆԵՐԸ» ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՌԴ ՊՆ-Ի ՀԵՏ
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ չի պատրաստվում պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրաման էր արձակել, որով պարտավորեցնում էր Ռուսաստանում գործող կամավորական ջոկատներին մինչև հուլիսի 1-ը պայմանագիր ստորագրել ՊՆ-ի հետ՝ համակողմանի աջակցության ապահովման և առաջադրանքների կատարման հարցերում միասնական մոտեցումներ կիրառելու համար: «Վագների» հիմնադիրը նշել է, որ պաշտպանության նախարարության հրամանը չի տարածվի իր մարտիկների վրա։ Նրա խոսքով՝ Վագները օրգանապես ներդրված է ռուսական ուժերի համակարգում, ենթարկվում է Ռուսաստանի և գերագույն գլխավոր հրամանատարի շահերին և համաձայնեցնում է իր գործողությունները գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ։
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի և Կիևի միջև բանակցությունների համար այժմ պայմանավորվածություններ ու նախադրյալներ փաստացի չկան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա որևէ հիմք, թեկուզ թույլ, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն կառուցվի, չկա»,- հավելել է Պեսկովը։
Նա թվարկել է մի քանի գործոն, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից՝ ուկրաինական կողմի անպատրաստակամությունը, երրորդ երկրների միջամտությունը և այլն:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ 700.000 ՔԱՂԱՔԱՑԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Կախովկայի ամբարտակի պայթյունի պատճառով Ուկրաինայի 700.000 քաղաքացի խմելու ջրի խնդրի առջև է կանգնած՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը։ Նա նախազգուշացրել է, որ աղետն անխուսափելիորեն կհանգեցնի ուկրաինական հացահատիկի արտահանման նվազմանը և պարենային ապրանքների համաշխարհային գների բարձրացմանը։ Գրիֆիթսի խոսքով՝ մոտ ապագայում ՄԱԿ-ը արշավ կսկսի, որի շրջանակներում գումար կհավաքվի Ուկրաինայում աղետի հետևանքները վերացնելու համար։
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաև ահազանգել է, որ Ռուսաստանը թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին մուտք գործել տուժած տարածքներ և օգնություն հասցնել քաղաքացիներին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել էր ՄԱԿ-ին և Կարմիր խաչին։ Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունները չկարողացան օպերատիվ գործել Կախովկայի ամբարտակի փլուզումից տուժած շրջաններում և չուղարկեցին իրենց ներկայացուցիչներին:
ԻՐԱՆԸ ՉԻ ՁԳՏՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ. ԽԱՄԵՆԵԻ
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի միջուկային արդյունաբերության գիտնականների, մասնագետների, փորձագետների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կեղծ է որակել Իրանում միջուկային զենք արտադրելու ծրագրի մասին արևմտյան պնդումները, հավելել՝ բոլորն էլ գիտեն, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ։
«Եթե մենք միջուկային զենք արտադրելու նպատակ ունենայինք, դա կանեինք, ոչ ոք չէր կարող մեզ կանգնեցնել»,- հայտարարել է Այաթոլլահ Խամենեին:
Նա վստահեցրել է, որ Արևմուտքի հետ գործարքը Թեհրանի միջուկային աշխատանքների շուրջ հնարավոր է, եթե երկրի միջուկային ենթակառուցվածքը մնա անձեռնմխելի: