Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեի հրավերով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում է։
Հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ է եղել նաև Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին և բարեփոխումներին։
Ագնե Բիլոթաիտեն բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ Ներքին Գործերի նախարարության կազմավորմանը և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության և, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության։
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։