Թուրքական արժույթը նոր հակառեկորդ է գրանցել, 1 դոլարն արժե գրեթե 23.8 լիրա: Մեկ տարի առաջ 1 դոլարի փոխարժեքը 18 լիրա էր: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակից հետո լիրան արժեզրկվել է մոտ 18%-ով: Օրեր առաջ արժեզրկման տեմպն արագացավ, երբ թրեյդերները հայտարարեցին պետական բանկերի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու մասին՝ ազգային արժույթին աջակցելու համար:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ) - Իհարկե, սա դիտարկվում է խնդիր ԿԲ-ի համար, որը սկսում է փակել դոլարի շրջանառությունը: Սովորաբար այս իրավիճակներում հագեցնել սպեկուլյանտների ծարավը գնելու դոլար դժվար է և իրականում, երբ որ առկա է այսպիսի խնդիր ԿԲ-ն ունի լուրջ քայլեր անելու և մենք նկատում ենք, որ տեղի է ունեցել ևս մեկ պրոցես, որի արդյունքում փոխվել է նաև ԿԲ նախագահը:
Երկրում շարունակվում է պահպանվել բարձր գնաճը՝ 40 տոկոսի շրջանակում, ինչին, սակայն, Կենտրոնական բանկը տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությամբ չի արձագանքում:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Թուրքիայում ոչ թե ռացիոնալ քաղաքականություններ են իրականացնում, այլ միանգամայն դրա հակառակը, այսինքն` փորձում են նոր տնտեսագիտություն ուրվագծել՝ պնդելով, որ, օրինակ, ցածր տոկոսադրույքը կարող է ինֆլյացիայի պատճառ չդառնալ կամ գուցե բարձր ինֆլյացիան այդքան էլ լուրջ պրոբլեմ չէ, ինչպես ընդունված է համարել:
Մասնագետների կարծիքով` մինչև այս պահը Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունն արկածախնդրության նման է:
Նարեկ Կարապետյան - 40, 50, 60 տոկոս ինֆլյացիայի պայմաններում ունենալ 8.5 տոկոս ԿԲ-ի տոկոսադրույք, դա նշանակում է, որ իրական տոկոսադրույքը տնտեսությունում բացասական է և, ասենք, -30 տոկոս է, հնարավոր չէ -30 տոկոս իրական տոկոսադրույք ունենալ տնտեսությունում, դա բարձր ինֆլյացիայի աղբյուր է:
Ներդրողներն այս պահին սպասում են տոկոսադրույքների բարձրացման՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում կենտրոնական բանկի նոր նախագահ է նշանակվել Հաֆիզե Գայե Էրքանին։ Վերջինս աշխատել է ամերիկյան՝ Goldman Sachs ֆինանսական խոշոր կազմակերպությունում, եղել է First Republic Bank-ի ավագ փոխնախագահը։ Մասնագետների կարծիքով` պատահական չէ, որ ամերիկյան փորձառություն ունեցող մասնագետ է նշանակվել այս պաշտոնում:
Վիլեն Խաչատրյան - Սա տնտեսական գունավոր հեղափոխության մոդելի է նմանվում տնտեսության մեջ: Կարող է տնտեսության մեջ տեղի ունենալ քաղաքական առումով գունավոր հեղափոխություն, բայց սա նաև գունավոր հեղափոխության տնտեսական մոդել է, և այսպիսով կարելի է դիտարկել ԱՄՆ գերակայությունը կամ ազդեցության մեծացումը թուրքական տնտեսության կամ ֆինանսական համակարգի մեջ:
Goldman Sachs-ի վերլուծաբանները հունիսի 3-ին իջեցրել են լիրայի իրենց կանխատեսումը. նրանց կարծիքով` մեկ տարի հետո դրա փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կհասնի մինչև 28-ի` նախկինում կանխատեսած 22-ի փոխարեն:
Վիլեն Խաչատրյան - Նման հայտարարությունները նաև նպատակային են, դրանք առաջացնում են բացասական սպասումներ, իսկ տնտեսության մեջ նման տիպի անկումների ժամանակ սովորաբար հնարավորություն են ստանում հատկապես ամերիկյան ընկերությունները ձեռք բերել թուրքական կապիտալի մի մասը: Այսինքն` ստեղծվում է ֆոն՝ բացասական իրավիճակ, ճգնաժամային սպասումներ և տվյալ երկրի կապիտալի ձեռք բերում:
Օրեր առաջ Համաշխարհային բանկը Թուրքիայի 2023 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը վերանայել էր դեպի վեր՝ 2.7-ի դարձնելով 3.2 տոկոս: Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ դա էական բան չի փոխում, քանի որ նման տնտեսական աճ հնարավոր է ստանալ նաև պետական ծախսերի միջոցով, այլ հարց է, որ տնտեսական վատ ցուցանիշների պայմաններում Թուրքիան կարող է ագրեսիվանալ քաղաքականության մեջ:
Նարեկ Կարապետյան - Երևի թե ավելի վատ հանգամանքը այն է, որ վատ տնտեսական զարգացումներին Թուրքիայի քաղաքական իշխանություններն արձագանքում են այսպես ագրեսիվ քաղաքականությամբ տարածաշրջանում, որպեսզի ինչ-որ ազգայնականության վրա աշխատելով իրենց քաղաքական առումով բենեֆիթներ ապահովեն:
Վերջին տասնամյակի ընթացքում լիրան 90 տոկոսով արժեզրկվել է: Հունիսի 22-ին նախատեսված է Թուրքիայի Կենտրոնական բանկի ժողովը, որով կսահմանվեն տոկոսադրույքները:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան