Դատախազությունը վարչական դատարանում կվիճարկի համայնքային տարածքներն օրենքի խախտմամբ օտարելու՝ համայնքի, պատասխանատու կառույցների ղեկավարների որոշումները: Համայնքային շահերի պաշտպանության իրավունքն օրենքով դատախազությանն է վերապահվել ապրիլին: Երկու ամսում դատախազությունը հարուցել է 235 հայց:
Սոնա Հովսեփյան (ՀՀ ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ) - Համայնքային շահերի պաշտպանության երբ խնդիր էր առաջանում, ստացվում էր իրավիճակ, որ համայնքի ղեկավարը չէր կարողանում նախկին ղեկավարի վարչական ակտը վիճարկել դատարանում, որովհետև տեղի էր ունենում կողմերի համընկնում, վարույթը հնարավոր չէ քննել, վերապահվեց դատախազությանը, որ պետք է լինի մարմին, որը կարողանա խախտումները վերականգնել:
Հայցերի մեծ մասը վերաբերում է զբոսայգիներին, պուրակներին: Սոնա Հովսեփյանը նշում է Երևանի բազմաթիվ հասցեներ, որոնց առնչությամբ դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով տարածքի վերադարձ համայնքին:
Սոնա Հովսեփյան - Տ.Պետրոսյան 44/2 հասցեն է սկզբնապես, հետագայում միացել են այլ հասցեներ, դա համապատասխանում է 6425 քմ ճանաչվել էր սեփականություն, հետո ընդլայնում է ստացել, կրկնակի ընդլայնում օրենսդիրը թույլ չի տալիս, բայց ստացել են: «Վարդավառ» զբոսայգուց 2 հա է տրամադրվել, «Յանս»-ի մասով 626 քմ մակերեսով հողամաս է Ուսանողական զբոսայգուց օտարվել:
Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից օտարվել է 135 հա, Նանսենի անվան զբոսայգուց՝ 533,4 քմ մակերեսով հողամաս: Սոնա Հովսեփյանը շեշտում է՝ տարածքներն ընդհանուր օգտագործման են, չէին կարող դառնալ մեկ կամ մի խումբ անձանց սեփականություն: Հայցեր են հարուցել նաև մարզերի դատախազությունները: Ամենաշատը՝ 22 հայց հարուցել է Շիրակի մարզի դատախազությունը: Մասնավոր մեկ ընկերության, օրինակ՝ օտարվել է «Կումայրի» արգելոց-հուշարձանի տարածքի մի մասը, որը ենթակա չէ օտարման:
Սոնա Հովսեփյան - Այն բոլոր տարածքները, որոնք ոչ իրավաչափ ճանապարհով Երևանի քաղաքապետի կամ ցանկացած համայնքի ղեկավարի որոշումներով օտարվել, դարձել են ֆիզիկական, իրավաբանական անձանց սեփականությունը, նպատակ ունի դատախազությունը պաշտպանել համայնքի շահերը, տարածքները վերադարձնել, տալ իրավական ձևակերպում, վիճարկելու ճանապարհով վերադարձնել համայնքին:
Սոնա Հովսեփյանի խոսքով՝ ըստ ամենայնի, առաջիկա մեկ ամսում կունենան պատկեր, թե ո՛ր հայցերն են վարույթ ընդունվել, և երբ են դատական նիստեր նշանակվել: