15 ՏՐՈԼԵՅԲՈՒՍ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
15 տրոլեյբուս արդեն Երևանում է: Թե նոր տրոլեյբուսները ե՛րբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ։ Սակայն քաղաքային իշխանությունը հերթական մրցույթն է հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար:
ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց վարչական շրջանների փողոցների փոսերի նորոգման աշխատանքի մասին։ Նշվեց, որ Էրեբունի- Նուբարաշեն և Շեգավիթ-Աջափնյակ հատվածների կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը խզել են, ծավալների վերահաշվարկ են անում, խոստացան հրատապ կազմակերպել նոր մրցույթ։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ հրատապ խնդիրների լուծման համար մրցույթ չի հայտարարվում, գնում է իրականացվում մեկ անձից։
Տիգրան Ավինյան (փոխքաղաքապետ) - Ես արդեն որերորդ շաբաթն է՝ խոսում եմ այս փոսերի մասին։ Երրորդ, Չորրորդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումները ակտուալ են։ Ինչքա՛ն ասենք՝ փոսեր, փոսեր, փոսեր, փոսեր։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև որ ամիսն է ձգվելու:
Վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն նրանց պատասխանատվությունն է, ու հետաքրրքվեց՝ ինչո՛ւ հարցը մինչև հիմա լուծում չի ստացել:
Տիգրան Ավինյան - Երեք շաբաթ է՝ հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը... Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարենք։ Էս վերջին շաբաթն է, հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք՝ անձամբ գնացեք այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք։
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՐԹԱԿԸ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է
Երևանի բնակիչների կարծիքների հավաքագրման առցանց հարթակն արդեն գործարկվել է, բայց դեռ առաջարկություններ չեն ստացել, նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Տիգրան Ավինյան - Մենք ընդգծել էինք, որ քաղաքապետարանի նախագծերին վերաբերող կարծիքները հավաքագրելու համար, ինձ թվում ա, որպեսզի ավելի նպատակին ծառայի հարթակը, կարծում եմ՝ մասնավորի կողմից տարբեր այգիներում նախագծերի վերաբերյալ քննարկումները կարելի ա իրականացնել հարթակում, շատ դեպքերում մենք էլ չեն կողմնորոշվում՝ ո՛ր տարբերակն ա ճիշտ, մասնավորապես, մասնավորները, եթե տարբերակներ ունեն, առաջարկներ ունեն այգիների բարեկարգման ու մի փոքր հատվածում բիզնես դնեն, մենք էդ տարբերակները պետք է դնենք քննարկման:
Սուրեն Գրիգորյան (փոխքաղաքապետ) - Ձեր ասածի հիման վրա հիմա մշակվում ա առաջարկությունների մոդուլ, բայց դա էլ ա դրվելու, եթե մասնավորի առաջարկը խելամիտ ա թվում, դրվում ա քննարկման:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՀԱՏՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՏՆԿՎԵՆ ՆՈՐԵՐԸ
Գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացվեց, որ Սայաթ-Նովայի պողոտայում բարդիների հատման համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Փոխքաղաքապետը կարգադրեց նույն վայրում նույն ծառերից տնկել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նկատեց՝ ահազանգից րոպեներ անց տեղում են եղել:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Հրավիրել ենք ոստիկանություն, այնուհետև մինչև ժամը 12-ը եղել եմ ոստիկանությունում, որպեսզի այդ գործը հատուցվի: էստեղ կանաչապատման մեղավորություն ես բացարակապես չեմ տեսնում:
Տիգրան Ավինյան - Եթե պարոն Բեգոյանի նկարագրածն ա, ես համաձայն եմ, մյուս շաբաթ ակնկալում եմ զեկուցեք:
ՕԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԳԵՏՆԻ ՏԱԿ
Նիստին քննարկվեց նաև օդում կախված էլեկտրական լարերի հարցը: Զեկուցվեց, որ առաջիկայում, Կենտրոն վարչական շրջանի 28 փողոցների բոլոր օդային էլեկտրական լարերը հանվելու և անցկացվելու են գետնի տակ: Այս պահին ընթանում է Ամիրյան փողոցի էլեկտրական լարերի գետնանցման գործընթացը։