ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տարբեր հաճախականությամբ չորս տարբեր քննարկումներ են անցկացվել։ Քննարկումների վերջին փուլում համաձայնություն է ձեռք բերվել որոշ գործնական քայլերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջև տեխնիկական պատվիրակությունների փոխանակման՝ լարվածությունը կառավարելու և թյուրիմացությունները հարթելու նպատակով՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին: Քանանին հայտնել է, որ այս պահին քննարկման փուլում է երկկողմ լարվածությունը թուլացնելու հարցը, որից հետո քննարկվելու է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման հարցը։
Պատասխանելով Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին՝ Քանանին ընդգծել է, որ իրանական դիրքորոշումը այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ուժերի առկայությունը խաթարում է անվտանգությունը։ Իրանի ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, ընդգծել՝ երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման գործընթացը ընթանում է ցանկալի արագությամբ, և որևէ խոչընդոտ չի եղել։ Մոտ ապագայում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կայցելի Թեհրան։ Ասուլիսի ընթացքում Քանանին ևս մեկ անգամ հերքել է Ուկրաինայի պատերազմում Իրանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելու մեղադրանքները:
«ԳԱԶՊՐՈՄԸ» ՎԵՐՍԿՍԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ» ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
«Գազպրոմը» վերսկսել է գազամատակարարումը «Թուրքական հոսքով»: Գազատարի պլանային տեխնիկական սպասարկման աշխատանքները, որոնք նախատեսված էին հունիսի 5-12-ը, ավարտվել են։ Գազամատակարարումը վերսկսվել է»,- ասվում է ըկերության տարածած հաղորդագրության մեջ: Խողովակաշարը նախատեսված է Թուրքիա, Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար. այն անցնում է Սև ծովի հատակով և Թուրքիայի տարածքով։
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօրվանից Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի՝ ռազմաօդային ուժերի գործադրման առումով ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է 10 հազար զինծառայող 25 երկրից։ Նրանք պատրաստվելու են գործողությունների եվրոպական օդային տարածքում։ Ըստ սցենարի՝ ՆԱՏՕ-ն օգնություն է ցուցաբերելու կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան։ Նախատեսվում է, որ զորավարժություններին կներկայացվեն հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները։
ՊՈՒՏԻՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ. ԲՈՐԵԼ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նշել է, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունները դժվար թե սկսվեն մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը, որոնք նախատեսված են 2024 թվականին։ Բորելի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է ընտրության արդյունքներին: Նա նշել է, որ եթե լիներ Պուտինի ընկերը, ինչպես Չինաստանն է, կհասկացներ Մոսկվային, որ լուրջ սխալ է թույլ տվել, որը պետք է հնարավորինս շուտ շտկել: «Սա այն է, ինչ մենք ակնկալում ենք Չինաստանից»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ
86 արեկանում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Քաղաքական գործիչը մահացել է Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում։ Ապրիլին Իտալիայի նախկին վարչապետի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել: 1994 թվականի ընտրություններում նրա ստեղծած «Առաջ, Իտալիա» կուսակցությունը աջ կենտրոնամետ դաշինքի կազմում հաղթել էր, և Բեռլուսկոնին ընտրվել էր վարչապետ, բայց մեկ տարի չանցած հրաժարական տվեց։ Քաղաքական գործիչը 2001 թվականին կրկին ստանձնեց վարչապետի պաշտոնը և ղեկավարեց մինչև 2006 թվականը։ 2008 թվականին Բեռլուսկոնիի կուսակցությունը, որն արդեն կոչվում էր «Ազատության ժողովուրդ», և նրա դաշնակիցները ջախջախիչ հաղթանակ տարան ընտրություններում։ Այս անգամ Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը զբաղեցրեց մինչև 2011 թվականը: Քաղաքական իր կարիերայի ընթացքում Սիլվիո Բեռլուսկոնին բազմիցս մեղադրվել է կաշառակերության, հարկային դաշտում իրականացրած խարդախությունների, անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Նրան մի քանի անգամ մեղադրանք է առաջադրվել, սակայն տարիքի և վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով հնարավոր է եղել խուսափել ազատազրկումից։