Եվրամիությունը պատրաստվում է նրան, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կձգձգվի մի քանի տարի։ Այս մասին երկուշաբթի RMS ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Մենք ընդունում ենք, որ այս պատերազմը երկար կտևի: Եվրոպայում ռազմական գործողությունների բարձր ինտենսիվությամբ պատերազմները, ցավոք, նախկինում շարունակվել են մի քանի տարի։ Այնպես որ, մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Բրետոնը հավելել է, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները դեռ սպառված չեն: «Իհարկե, այլ պատժամիջոցներ հնարավոր են, բայց ոչ ոք չի ասել, որ Ուկրաինան կհաղթի սահմանափակող միջոցների շնորհիվ: Եթե Կիևը երբևէ հաղթի, դա կլինի ռազմական ճանապարհով: Այդ նպատակով էլ ԵՄ-ն և Ուկրաինայի դաշնակիցները նրան տրամադրում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար»,- նշել է եվրահանձնակատարը:
Եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել։ Ըստ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու՝ հակամարտությունը կտևի ևս մի քանի տարի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել 2-4 տարի։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արևմտյան երկրներն օրեցօր ավելի են ներքաշվում Ուկրաինայի հակամարտության մեջ, սակայն դա էապես չի փոխի իրավիճակը: