Օգոստոսի 22-24-ը Հարավային Աֆրիկայում տեղի կունենա BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ղեկավարների հանդիպումը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը մտավախություն ունի, որ նախագահ Պուտինը կպնդի BRICS-ի գագաթնաժողովին անձնական մասնակցությունը: Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան The Sunday Times թերթը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարի հնարավոր ժամանումը երկիրը դժվար կացության մեջ կդնի՝ պայմանավորված Պուտինին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի պահանջով։ Բացասական հետևանքներից խուսափելու համար Հարավային Աֆրիկայի կառավարությունը նախագահ Սիրիլ Ռամաֆոսային երեք հնարավոր սցենար է առաջարկել. առաջինը ենթադրում է, որ գագաթնաժողովում Պուտինին կներկայացնի ՌԴ ԱԳՆ-ն, երկրորդը՝ որ նա կմասնակցի առցանց հանդիպմանը։ Երրորդ տարբերակով նախատեսվում է խնդրել Չինաստանին, որն անցած տարի հյուրընկալել էր BRICS-ի գագաթնաժողովը, այս անգամ էլ ընդունել հանդիպման մասնակիցներին։ Միաժամանակ մտավախություն կա, որ ՌԴ նախագահը տարբերակներից ոչ մեկը չի ընդունի։