ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքվել է համագործակցության պայմանագիր, որով «Գնոմոն» ԲԲԸ-ն պարտավորվել է վճարել «Երևանի ոսկերչական գործարան»-ին ունեցած դեբետորական պարտքը: «Գնոմոն» ԲԲԸ-ն մի մասը վճարել է՝ պարտք մնալով 1.092.593.543 ՀՀ դրամ:
«Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Է.Գ.-ն, ով, միաժամանակ հանդիսանում է նաև ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, դեբետորական պարտքը չվճարելու համար նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ի հետ՝ պարտավորությունների վճարման ժամկետները և ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը անհիմն երկարաձգելու շուրջ:
Հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից՝ Է․Գ․-ն վերջինիս դրդել է կատարել այնպիսի գործողություններ, որոնցով նախ հետաձգվել է պետական բաժնեմասով ընկերության կողմից դեբետորական պարտքը ստանալուն ուղղված գործընթացը, ապա, հետագայում, ի սկզբանե գիտակցելով նման պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջը Դատարանի կողմից մերժելու հանգամանքի մասին, խոչընդոտել է հիմնավորող պայմանագիրը ընկերության շահերը ներկայացնող անձանց կողմից դատարանում ներկայացնելուն։
Մասնավորապես, Է.Գ.-ն, օրենսդրության պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրենի կամքի վրա ազդելու միջոցով, դրդել է վերջինիս, լիազորություններն անցնելով, կնքել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր:
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն, ՀՀ պետգույքի կոմիտեի պահանջով, 2017 թ․ մայիսին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության կողմից ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության՝ 1.092.593.543 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով։ Ապա «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պաշտոնատար անձանց հետ նա պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմք հանդիսացող պայմանագիրը Դատարանին չտրամադրելու շուրջ:
Արդյունքում՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության ներկայացուցչի կողմից առաջին ատյանի դատարանին և Վերաքննիչ դատարանին չի տրամադրվել ընկերությունների միջև 2007 թ. հունվարին կնքված համագործակցության պայմանագիրը և ներկայացված հայցադիմումի քննության արդյունքում, Դատարանի 2018 թ. հուլիսի վճռով, մերժվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի հիմք հանդիսացող կողմերի միջև կնքված պայմանագիրը հայցվորի կողմից չներկայացնելու և կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելը չապացուցելու հիմնավորմամբ:
2018 թ․ հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենի կողմից բերված վճռաբեկ բողոքը 2019 թ․ հունվարի որոշմամբ թողել է առանց քննության։ Այդ կերպ պետական բաժնետոմսով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբետորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլ նաև ծանրաբեռնվել է շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականությամբ։ Այդ կերպ հիմքեր են ստեղծվել հետագայում ընդհանրապես պարտավորության կատարումը անհնարին դարձնելու նպատակով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրեն Է.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ին՝ 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):
Պետական բաժնեմասով ընկերությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների անշարժ գույքերի նկատմամբ կալանք է կիրառվել։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: