ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով, հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում: Այս համատեքստում նա խոսել է միջազգային գիտական համագործակցության կարևորության մասին` արձանագրելով` անհնար է հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ունենալ առանց միջազգային գործընկերների աջակցության ու ոլորտային փոխգործակցված աշխատանքի:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է, որի որոշակի մասը հատկացվում է միջազգային ոլորտային կապերի հաստատմանն ու ընդլայնմանը: Այս առումով նա կարևորել է հայկական գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և ընդգծել, հատկապես, Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում: Նրա խոսքով՝ հայկական կազմակերպություններից շատերի համագործակցությունը նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ուղղություններով է:
«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետև ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին, ԻԿՐԱՆԵՏ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարեկ Սահակյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, մասնակցում են ավելի քան 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացվեն ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կբարձրաձայնվեն լայնամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները: