Չորս համայնքում՝ Մասիսում, Վաղարշապատում, Նաիրիում և Վանաձորում, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու շինթույլտվությունը միայն էլեկտրոնային տարբերակով են տրամադրվում՝ e-permits.am հարթակում: Պիլոտային ծրագիրը նախաձեռնել է Քաղաքաշինության կոմիտեն:
Արտավազդ Թարխանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական) - Համակարգը թույլատրում է արագ, թափանցիկ համաձայնություններ ստանալու և բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատանքը մեկ միասնական հարթակի շրջանակում իրականացնելու շնորհիվ շատ արագ իրականացնել կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Համակարգին ՏԻՄ-երից բացի հասանելիություն ունեն նաև տեսչական մարմիններն ու մատակարար ընկերությունները՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր: Պիլոտային ծրագիրը գործարկվել է 2022-ի հունվարին:
Արտավազդ Թարխանյան - Միջին վիճակագրությամբ՝ դիմումների 78 տոկոսը դրական բավարարվում է և, հիմնականում՝ ժամկետների պահպանմամբ:
Նաիրի համայնքում արդեն մի քանի տարի է՝ շինարարական ակտիվություն է՝ կառուցվում են թե՛ բազմաբնակարան շենքեր, թե՛ առանձնատներ, թե՛ այլ նշանակության շինություններ: Այստեղ արդեն մեկուկես տարի է՝ նոր համակարգին են միացած:
Բաբկեն Բեգլարյան (Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ) - Հիմնական ծրագիրը մուտք անում ու կառուցապատման իրավունք ստանում են ճարտարապետները կամ սեփականատերերը: Ճարտարապետի համար ավելի հեշտ ա, քանի որ ինքը տիրապետում ա բոլոր փաստաթղթերին:
Ճարտարապետը և կառուցապատողը հիմա ընդամենը մեկ անգամ են գնում համայնքապետարան՝ շինթույլտվությունը վերցնելու համար: Նաիրիում 2022-ին շուրջ 800 շինթույլտվություն է տրամադրվել, այս տարի 460 ճարտարապետահատակագծային առաջադրանք են ստացել և 600-ից ավելի շինթույլտվություն: Նաիրիում նաև ծրագրի բացերն են ներկայացնում, նշում՝ ոչ աշխատանքային օրերին ևս հնարավոր է մուտքագրել տվյալներ:
Բաբկեն Բեգլարյան - Եթե էսօր կառուցապատողը ուրբաթ երեկոյան մուտք ա անում, ծրագիրը չի արգելում՝ ինչ ժամի մուտք անել, ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ 3 օր ինքն արդեն կորցնում ա ժամկետի հետ կապված, որ 5 օրում պետք ա տեղավորվեր, արդեն դառնում ա 7 օր:
Բաբկեն Բեգլարյանը նաև կառուցապատողներին ու շինարարներին է հորդորում ուշադիր լինել համակարգի իրենց անձնական էջերին, քանի որ եթե դիմումում թերություն է արձանագրվում, այն լրամշակելու համար վերադարձվում է, ու դիմողը պետք է 7-օրյա ժամկետում փոփոխած տարբերակը ներկայացնի՝ նույն հարթակով:
Սամվել Մկրտչյան (ճարտարապետ) - Մի բան, որ դեռ չի կարգավորվում, տեխպայմանների ստացումն է: Ծրագիրը, երբ որ ճարտարապետը մուտք է անում ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու՝ ԱՊԶ-ի համար, ծրագիրն ավտոմատ տանում է տեխնիկական պայմանների՝ լույս, ջուր, գազ՝ «Վեոլիայի», ՀԷՑ-ի, գազի համաձայնության, որը որ էդտեղ պետք ա կոնկրետացվի՝ ինչ ժամկետի չհամաձայնեցնելու դեպքում համարել որ դրական է: Նախկինում ինչ-որ բան կար, որ եթե 7 օրում չէր պատասխանում, համարում էինք դրական ա:
Պիլոտային ծրագրի վերաբերյալ բոլոր դիտարկումները կքննարկվեն՝ վստահեցնում են Քաղաքաշինության կոմիտեում: Համակարգն էլ պարբերաբար թարմացվում է, լրամշակվում, արդիականացվում: Կոմիտեում փորձնական ծրագիրը հաջողած են համարում:
2023 թվականի ընթացքում արդեն իսկ համակարգով ստացվել է 2570 դիմում, և տրամադրվել է 1720 թույլտվություն, համակարգում ներկայումս գրանցված է 3200 օգտատեր: 2022-ի այս նույն ժամանակաշրջանում մուտքագրվել է 1300 դիմում, որը գրեթե 2 անգամ ավելի քիչ է, քան այս տարի:
Համակարգում նաև վիդեոհոլովակներ կան ներբեռնված, որոնցով օգտատերը կկարողանա ավելի հեշտ կատարել բոլոր գործողությունները: Կոմիտեում պատրաստվում են առաջիկայում ընդլայնել էլեկտրոնային համակարգի անցած համայնքների ցանկը, իսկ 2025-ից առցանց հարթակով կաշխատեն բոլորը: