Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանի կազմը՝ նախկին սաների հետ միասին, «Հայ կին» խորագրով միջոցառում էր կազմակերպել։ Միջոցառման մասնակիցներին նախասրահում դիմավորում էր հայկական դիցաբանության աստվածուհիներին, հայ թագուհիներին, մշակութային և հասարակական գործիչներին ներկայացնող ցուցադրությունը։ Ցուցահանդեսի գաղափարը և իրականացումը Պողոս Եղիազարինն է։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև մշակութային և հասարակական ոլորտում նշանակալի ներդրում ունեցած հարյուր հայ կանանց կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը։
Սիլվա Քյույումջյան (Կենտրոնական վարժարանի տնօրեն) - Ինչու՞ հայ կինը։ Հոս նպատակն էր անցյալի լավ օրինակներով ներկա կինը խրախուսել և ապագայի պատրաստել անոր։ Մեկ տարվա աշխատանքն է, որովհետև բավական պրպտումներ ունենք։ Մենք 30-40 հոգով սկսեցինք գործը, տեսանք, որ տասնյակներ ևս կան։ Հասկացանք, որ սահման պետք է դնենք։ Այդպես էլ անունը եղավ. «Հայ կինը մշակութային և հասարակական կյանքի մեջ. 100 կին` 100 կյանք»։
Գրքի պատրաստման ընթացքում խմբային աշխատանքներ են տարվել։ Դպրոցի տնօրինության մշակած ծրագրի շրջանակում հայերենի, փիլիսոփայության ուսուցիչները ևս ներգրավված են եղել։ Սիլվա Քյույումջյանը պատմում է, որ նպատակ ունեին վեր հանելու հանրությանը համեմատաբար քիչ հայտնի հայ կանանց պատմություններն ու գործունեությունը։
Սիլվա Քյույումջյան - Զաբել Եսայանը գիտենք, Արշակուհի Թեօդիկը գիտենք, Զաբել Ասատուրը գիտենք, Սրբուհի Լուսաբ գիտենք և այլն։ Մինչդեռ կան շատ-շատ ավելի թվով կանայք։ Անոնք էլ ներառելով` աշխատեցինք։ Հայու ինքնութենեն հեռացում մը կա։ Սփյուռքի մեջ ապրողը դյուրին բան չէ։ Առանց պատմության։ Պատմությունը մեր ինքնությունը զորացնելու համար կարևոր, շատ կարևոր դեր և ազդակ է։ Այդ իսկ պատճառով թե՛ պատմություն, թե՛ պար, երգ, թատրոնը միասին ներկայացում կազմակերպեցինք։
Թուրքիայում ազգային փոքրամասնություններն իրենց դպրոցներն ունեն, որտեղ կարողանում են մայրենի լեզվով կրթություն ստանալ։ Սակայն դպրոցների փոխտնօրենները և Թուրքիայի պատմության ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի Կրթության նախարարության կողմից։ Քյույումջյանը նշում է, որ հայոց պատմության տարբեր թեմաներով միջոցառումներ կազմակերպելով՝ փորձում են լրացնել կրթական ծրագրում հայոց պատմության բացը։
Սիլվա Քյույումջյան - Դպրոցը երիտասարդներին պետք է թե՛ ակադեմիական, թե՛ ընկերային և մշակութային տեսակետով զարգացնի։ Մենք էլ, քանի որ պատմության դասեր չունենք, այս ձևով, այս միջոցառումներով ենք հասնում մեր երիտասարդներին, ծնողներին և, ինչու ոչ, համայնքին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գիտության, մշակույթի, հասարակական և կրթական ոլորտներում ականավոր հայ կանանց պատմությունները։ Միջոցառման կազմակերպիչներից է նաև վարժարանի շրջանավարտ Սարին Աքբաշը, որը Հայագիտության մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանում։ Նրա կարծիքով՝ միջոցառումը կարող է օրինակ դառնալ և ոգեշնչել նաև մյուս վարժարանների համար:
Սարին Աքբաշ (Ստամբուլի Կենտրոնական վարժարանի շրջանավարտ) - Ցուցադրության ընթացքում հայելիներ տեղադրեցինք և կենսագրություններ գրեցինք այդ հայելիների վրա։ Իմաստն ի՞նչ էր. որ երբ կարդան, իրենք իրենց տեսնեն և ասեն՝ այո, ես էլ կարող եմ երկրաշարժագետ, աստղաբան, ուսուցիչ կամ տնօրեն լինել։ Ամենակարևորն այս ուժը տալն է։
Կենտրոնական վարժարանի առաքելությունն է` հիմք ընդունելով անցյալի փորձը՝ շարժվել դեպի ապագա։ Այս միջոցառումն էլ այդ նպատակին է ծառայում։ «Հայ կին» անվանումն էլ պատահական չէ, քանզի այն Հայկանուշ Մարկի խմբագրությամբ նախ` Օսմանյան կայսրությունում, ապա Թուրքիայում 1919-1933 թթ լույս տեսած կանանց ամսագրի անվանումն էր։
Հեղինակներ` Վարդուհի Բալյան, Թամեր Բաքեր