ՌԴ-Ն ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ. ՔԻՐԲԻ
Սպիտակ տնից հայտարարել են, որ Ռուսաստանը, կարծես, խորացնում է իր պաշտպանական համագործակցությունն Իրանի հետ և ստացել է հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար: Վկայակոչելով նոր գաղտնազերծված տեղեկատվությունը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ անօդաչուները կառուցվել են Իրանում, առաքվել Կասպից ծովով և այնուհետև օգտագործվել ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի դեմ: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը տեղեկություն ունի, որ Ռուսաստանն Իրանից նյութեր է ստանում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։ «Մենք հրապարակում ենք արբանյակային պատկերներ անօդաչու թռչող սարքերի արտադրության պլանավորված վայրի մասին»,- ասել է Քիրբին:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺՆԵՎՈՒՄ
ՄԱԿ ներկայացուցիչները ռուս պաշտոնյաների հետ երեկվանից Ժնևում սկսել են բանակցություններ հացահատիկի սևծովյան նախաձեռնության հարցով: Գործարքի երկարաձգված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման գծով գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ: Հանդիպումից առաջ Վերշինինը լրագրողներին հայտնել է, որ Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցումն ու ռուսական ամոնիակի արտահանման համար օգտագործվող խողովակաշարի վնասումը մթագնել են գործարքի շուրջ բանակցությունների հեռանկարները:
ՋՈՆՍՈՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԻՑ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է պատգամավորի մանդատից՝ լուրջ տարաձայնություններ ստեղծելով իշխող Պահպանողական կուսակցությունում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններից առաջ: Ընթանում է Ջոնսոնի գործունեության խորհրդարանական հետաքննությունը: Ջոնսոնին մեղադրանք էր առաջադրվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Դաունինգ Սթրիթում երեկույթներ կազմակերպելու համար: Նա երեկ հայտարարել է, որ մի խումբ մարդիկ ցանկանում են դուրս մղել իրեն ասպարեզից՝ առանց պնդումները հաստատող ապացույցների: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն ակնարկել է, որ կարող է վերադառնալ քաղաքականություն՝ հայտարարելով, որ հեռանում է խորհրդարանից «որոշ ժամանակով»: Մանդատից հրաժարվելը փակում է քաղաքական գործչի՝ մոտ ապագայում վարչապետ դառնալու հնարավորությունը։
ԻՐԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆ
Իրանի ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման: Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանին տեղակայված Խոդաաֆարին և Ղիզղ-զալեսի ամբարտակներ: Այցի ընթացքում Վահիդին հայտարարել է, որ Ադրբեջանն Իրանի կառավարությունից ավելի լավ բարեկամ չի ունենա: «Բոլոր նրանք, ովքեր թշնամաբար են տրամադրված Իսլամական Հանրապետության դեմ, պարտվող են լինելու»,- նշել է Իրանի ՆԳ նախարարը: