ԲԱՅՐԱՄՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԼԱԱՐԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։
Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը և հույս է հայտնել, որ երկու երկրի քաղաքական ղեկավարությունների շփումները կշարունակվեն։
ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆ Է ԻՐԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՌԴ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻՆ. ԳԱԼՈՒԶԻՆ
Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվային հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ի նպատակն է իրեն ենթարկել Ռուսաստանի դաշնակից պետություններին և խանգարել նրանց հետ գործակցությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա։ Միևնույն ժամանակ, Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ էլ նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ սակայն ոչ թե բառերով, այլ նաև գործուն քայլերով»,- նշել է փոխարտգործնախարարը։
Նա հավելել է, որ միջնորդական ջանքերը չպետք է հակասեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած հիմնարար պայմանավորվածություններին, որոնք, Գալուզինի համոզմամբ, ընդհանուր առմամբ հաջողությամբ կյանքի են կոչվում:
«Ռուսական կողմը կշարունակի եռակողմ հայտարարություններին համապատասխան ջանքեր գործադրել՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում առկա բոլոր խնդիրները, այդ թվում՝ նպաստելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Գալուզինը, հավելել՝ միանգամայն բնական և տրամաբանական է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ուղիղ քննարկումներ են անցկացնում:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Դիվանագետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարարներն ընդգծել են լրատվական դաշտը վերահսկելու, թյուրըմբռնումներից խուսափելու և երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու անհրաժեշտությունը:
ՌԴ-Ն 1 ԱՄՍԻՑ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՏԵՂԱԿԱՅԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Ռուսաստանը մեկ ամսից Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք կտեղակայի, Սոչիում Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենոյի հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Հուլիսի 7-8-ը կավարտվի նախապատրաստումը, դրանից հետո միանգամից կսկսենք ձեր տարածքում այդ զենքերի տեղակայման աշխատանքները»,- ասել է Կրեմլի ղեկավարը։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Բելառուսի ցանկությամբ՝ այդ երկրում տեղակայվելիք միջուկային զենքը գտնվելու է Ռուսաստանի վերահսկողության տակ:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումը սկսվել է:
«Այդ մասին է վկայում ուկրաինական բանակի ռազմավարական ռեզերվների օգտագործումը: Այնուհանդերձ, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական բոլոր փորձերը ձախողվել են, սակայն հարձակողական ներուժ առկա է»,- նշել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս բավականաչափ ժամանակակից սպառազինություն չունի, սակայն պաշտպանական արդյունաբերությունն արագ տեմպերով զարգանում է։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ մարտեր են ընթանում հարավային Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում:
Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռազմական գործողությունները շարունակվում են նաև Բախմուտում: Ընդ որում՝ Կիևը հակահարձակման մեկնարկի մասին պնդումները հերքում է:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԽԵՐՍՈՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման հետևանքով Խերսոնում ստեղծված աղետալի իրավիճակին, նշել՝ ռուսական կողմը շարունակում է հրետակոծել այն տարածքները, որտեղ խաղաղ բնակիչների տարհանում է իրականացվում:
«Կոյաջրերը տարածվել են ամբողջ շրջանով: Ավելի քան 50,000 հեկտար անտառածածկ տարածք է անցել ջրի տակ», - մտահոգություն է հայտնել Զելենսկին:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունն էլ զգուշացրել է՝ Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներում վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի բռնկման վտանգ կա։
ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ԱԹՍ-Ն ԲԱԽՎԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՆ
Վորոնեժում անօդաչու թռչող սարք է կործանվել, բախվելով բնակելի շենքի: Երեք մարդ վնասվածքներ է ստացել: Ռուսական կողմի տվյալով՝ անօդաչու սարքի թիրախը ավիաշինական գործարանն է եղել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Կիևը շարունակում է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»:
Բելգորոդի նահանգապետը տեղեկացրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը թիրախավորել է նաև Շեբեկինսկի քաղաքը: ԱԹՍ է կործանվել նաև Կուրսկի նավթային պահեստի մոտ:
Ուկրաինան էլ հայտնում է ռուսական կողմի օդային հարվածների մասին: Երկրի պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ռուսական 16 ԱԹՍ և 4 թևավոր հրթիռ: