Շրջափակման պայմաններում Ասկերանում մակարոնի արտադրամաս է գործարկվել: Մեկ ամսում նախատեսում են 4 տեսակի 15 տոննա մակարոնեղեն արտադրել, իրացնել Արցախում:
Բորիս Դադամյան (արտադրության պատասխանատու) - արտադրանքը համապատասխանում է մակարոնեղենի երկրորդ կարգի պետական ստանդարտին: Դրանք պատրաստվում են ցորենի փափուկ տեսակից:
Արտադրամաս հիմնելու գաղափարը ծնվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, ասում է ընկերության տնօրեն Սամվել Բաբաջանյանը: Լաչինի միջանցքի արգելափակումից օրեր անց խանութներում գրեթե պարեն չկար:
Սամվել Բաբաջանյան (ընկերության տնօրեն) - Դժվարություններ, որպես այդպիսին, կան, բայց դրանք հաղթահարելի են, հիմնականում ապրանքի ներմուծման խնդիր ունենք՝ ալյուրի, որպեսզի արտադրանքը ժամանակին հասցնենք, իսկ մնացածը օրվա ընթացքում լուծվող դժվարություններ են:
Արտադրամասն առայժմ 8 աշխատակից ունի: Կանայք հիմնականում կշռում ու փաթեթավորում են արտադրանքը:
Ռուզաննա Գաբրիելյան (ընկերության աշխատակից) - Միայն խանգարում են հոսանքի անջատումները, որոնք մի քիչ երկարաձգում են մեր աշխատանքը, բայց եթե հոսանք չի լինում, պարապ չենք նստում՝ էլի աշխատում ենք, կա աշխատանք, որն առանց հոսանքի է,
Տիկին Սուսաննան որդու հետ աշխատում էր լավաշի արտադրամասում, որը փակվել է: Ուրախ է, որ երկուսով կրկին աշխատանք ունեն:
Սուսաննա Հարությունյան (ընկերության աշխատակից) - Գազի պատճառով մնացինք առանց աշխատանքի, երկու ամիս է՝ տանն ենք:
Սարքավորումների ու հոսքագծի բացակայությունը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, նշում է արտադրության պատասխանատուն, հավելում՝ կարևորը թողարկում են առաջին անհրաժեշտության տեղական արտադրանք: