68 քրեական վարույթ, 44 մեղադրյալ. Քննչական կոմիտեի տվյալներն են կորոնավիրուսի պատվաստման ու ՊՇՌ թեստերի վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ տալու վերաբերյալ: 44 մեղադրյալից 25-ը բուժաշխատողներ են: 20 մեղադրյալի գործ դատարանում է:
Հակոբ Շահբանդարյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ) - Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ կենտրոնի պոլիկլինիկայի 2 թերապևտներ կատարել են փաստաթղթերի կեղծիքներ:
Քննիչը դատարան գնացած գործերից մեկն է առանձնացնում, նշում՝ թերապևտները իբրև կատարել են բժշկական զննություններ և արձանագրել, որ այն անձինք, որոնց զննել են, առողջ են, այն դեպքում, երբ ենթադրաբար զննության ենթարկված անձինք Հայաստանում չեն էլ գտնվել:
Հակոբ Շահբանդարյան - Այսինքն՝ ֆիզիկապես ՀՀ-ում չգտնվելու պայմաններում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթուղթ հանդիսացող ամբուլատոր քարտերում կատարվել են կեղծ գրառումներ, որոնք հետագայում պետք է հիմք հանդիսանային հիշյալ անձանց տվյալները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում որպես պատվաստված անձ գրանցելու համար:
Բացի դրանից՝ մեղադրյալներից մեկը, տեղեկանալով նախաքննական մարմնի՝ ամբուլատոր քարտերի առգրավելու մտադրության մասին, պոկել է քարտի կեղծ գրառումն ու կրկին կեղծել այն՝ այս անգամ որոշ խմբագրումներով: 2 կին բուժաշխատողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Չպատվաստված քաղաքացիների, ինչպես նաև մյուս բուժաշխատողների արարքին իրավական գնահատական տալու դրվագով մայր գործի նախաքննությունը շարունակվում է:
Մյուս վարույթով էլ պարզվել է, որ բուժաշխատողները կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել օտարերկրյա քաղաքացիների անվամբ: Այս գործով էլ մեղադրյալների թիվը 5-ն է:
Լևոն Նազարյան (ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ) - Սևանի ԲԿ-ի ընտանեկան երկու բժիշկ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիների՝ ՀՀ-ում ընդամենը 2 օր գտնվելու պայմաններում կազմել են նրանց իբրև թե հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա Իրանի քաղաքացիները հնարավորություն են ունեցել պատվաստվելու:
Այնինչ, քննիչի խոսքով՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ-ում պատվաստվել Հայաստանում 10 և ավելի օր գտնվելու դեպքում: Այդ մասին, ըստ Նազարյանի, տեղյակ են եղել նաև բժիշկները և, չնայած դրան, կազմել իրանցիների պատվաստումը հավաստող կեղծ սերտիֆիկատ: Նույն բժշկական կենտրոնի բուժքույրն էլ, ըստ մեղադրանքի, Իրանի քաղաքացիների՝ ՀՀ-ում չգտնվելու պայմաններում կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու կեղծ փաստաթղթեր, ապա նաև կեղծ սերտիֆիկատներ: Մյուս մեղադրյալը ևս փաստաթուղթ է կեղծել իր հետ աշխատող մեկ այլ բժիշկի ազգականի համար: Այս վարույթներով անցնող մեղադրյալների մի մասը, ըստ նրանց պաշտպանների, չեն ընդունում մեղքը, մյուսները դեռ դիրքորոշում չեն հայտնել:
Ընդհանուր առմամբ՝ 44 մեղադրյալից 43-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, մեկինը՝ գրավը: 41 վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան