ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԿԻԵՎ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Նա հարգանքի տուրք է մատուցել Կիևի՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հակամարտության սկզբից ի վեր սա Թրյուդոյի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Այս անգամ նրան ուղեկցում է ֆինանսների նախարար և փոխվարչապետ Խրիստիա Ֆրիլանդը։
Կանադայի վարչապետը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ: Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրը կանգնած է Ուկրաինայի կողքին և կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի: Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադային այն ամենի համար, ինչ արել է երկիրը Ուկրաինայի ժողովրդի, փախստականների և բանակի համար:
Զելենսկին նշել է, որ չնայած ժողովրդին խոնարհելու՝ Ռուսաստանի բոլոր ջանքերին, ուկրաինացիները շարունակում են պայքարել անկախության և ազատության համար:
Հանդիպումից հետո Զելենսկին և Թրյուդոն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Կանադայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին, ինչպես նաև նշել, որ Կանադան կնպաստի կործանիչների համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստման միջազգային ջանքերին:
Ուկրաինան և Կանադան համատեղ հռչակագիր են ստորագրել՝ Կանադայի կողմից Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին աջակցելու վերաբերյալ։
ՇՈԼՑԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահի հետ զրուցելու ցանկություն է հայտնել: Օլաֆ Շոլցը Նյուրնբերգում Ավետարանական եկեղեցու համագումարի ժամանակ հայտարարել է, որ վաղուց չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ և նախատեսում է շուտով խոսել նրա հետ: Շոլցը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի իրավիճակի անելանելիությունը և դուրս բերի զորքերն Ուկրաինայից:
Կանցլերն ընդգծել է, որ Պուտինն էլ դեմ չէ բանակցութուններին, բայց կարևոր է հասկանալ՝ ով ում հետ պետք է բանակցի և ինչի մասին:
«Ոչ ոք չպետք է դառնա իր հարևան երկրի ազդեցության գոտի»,- հայտարարել է Շոլցը և հավաստիացրել՝՝ կշարունակի այնպես անել, որ պատերազմը չվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ դա սարսափելի հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար։
Կրեմլից արձագանքել են Շոլցի հայտարարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Օլաֆ Շոլցի հետ։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՆ ԿՕԳՆԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 20 միլիոն դոլար կհատկացնի Կախովկայի ՀԷԿ--ի պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար։ Թագավորության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արդեն Խերսոն է հասել բրիտանական երկու փրկարար նավ, որոնողափրկարարական սարքավորումներ և բժշկական օգնության փաթեթներ։
Բրյուսելից նույնպես հայտնել են լրացուցիչ աջակցության մասին: Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար: Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ օգնության մեջ կներառվեն վրաններ, քնապարկեր, սնունդ, հիգիենայի պարագաներ, բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլն:
ԿԱԽՈՎԿԱՅԻ ՀԷԿ-Ի ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՆԱՍԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 14 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի մոտ 14 մլրդ դոլար: Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ շահագործման համար ոչ պիտանի են դարձել ավելի քան 20 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր, հացահատիկի պահեստները ջրի տակ են անցել։
Նա նշել է, որ ձկնային տնտեսությունը ևս լուրջ վնասներ կկրի: Մակեևը նաև հայտնել է, որ միայն այս տարի Ուկրաինայի վերականգնման ծախսերը կազմել են 14,1 մլրդ դոլար, որից 3,3 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինայի պետական բյուջեից։
ՌԱՅԻՍԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՄԱԿՐՈՆԻ ՀԵՏ
Այսօր Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցը տևել է 1 ու կես ժամ: Հեռախոսազույցի ընթացքոմ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ փոխգործակցության է ձգտում:
Նախագահները պայմանավորվել են խորհրդակցել հարաբերությունները, հատկապես պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների առաջխաղացման և փոխգործակցությունը շարունակելու ուղիների շուրջ:
ՌԴ-Ն ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ. ՔԻՐԲԻ
Սպիտակ տնից հայտարարել են, որ Ռուսաստանը, կարծես, խորացնում է իր պաշտպանական համագործակցությունն Իրանի հետ և ստացել է հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար: Վկայակոչելով նոր գաղտնազերծված տեղեկատվությունը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ անօդաչուները կառուցվել են Իրանում, առաքվել Կասպից ծովով և այնուհետև օգտագործվել ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի դեմ:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը տեղեկություն ունի, որ Ռուսաստանն Իրանից նյութեր է ստանում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։
«Մենք հրապարակում ենք արբանյակային պատկերներ անօդաչու թռչող սարքերի արտադրության պլանավորված վայրի մասին», - ասել է Քիրբին:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺՆԵՎՈՒՄ
ՄԱԿ ներկայացուցիչները ռուս պաշտոնյաների հետ երեկվանից Ժնևում սկսել են բանակցություններ հացահատիկի սևծովյան նախաձեռնության հարցով: Գործարքի երկարաձգված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման գծով գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ:
Հանդիպումից առաջ Վերշինինը լրագրողներին հայտնել է, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցումն ու ռուսական ամոնիակի արտահանման համար օգտագործվող խողովակաշարի վնասումը մթագնել են գործարքի շուրջ բանակցությունների հեռանկարները: